Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) 11:13-ին տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է նաև խաղաղ բնակավայրերում։
«Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,-ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ն հաղորդել էր, որ ժամը 08։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է, հումանիտար հրադադարի ռեժիմը պահպանվում է:
Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ից պետք է ուժի մեջ մտներ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր ձևաչափերով անցկացրած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված հերթական՝ թվով 3-րդ մարդասիրական հրադադարը: Սակայն ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունն այսօր՝ ժամը 8:45-ի սահմաններում, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, այնուհետ՝ ժամը 09:10-ի սահմաններում, թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Հաղորդվել է նաև հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը երրորդ անգամ խախտելու մասին: