Ժամը 08։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։
Այդ մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ նշելով, որ հանրապետության բնակավայրերում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը։
Նշենք, ի հակառակ խաղաղ բնակավայրերի, Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը պետք է ուժի մեջ մտներ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ից, ժամը 8:45-ի սահմաններում, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, այնուհետ՝ ժամը 09:10-ի սահմաններում, թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Հաղորդվել է նաև հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը երրորդ անգամ խախտելու մասին: