«Ժամն է, չկա ետդարձի ճանապարհ», «Ձևավորում ենք կամավորական ջոկատ և գնում մեր բաժին հաղթանակի հետևից». Արմավիրի քաղաքապետն ու Լոռու մարզպետը կամավորագրվում են - RadioVan.fm

Онлайн

«Ժամն է, չկա ետդարձի ճանապարհ», «Ձևավորում ենք կամավորական ջոկատ և գնում մեր բաժին հաղթանակի հետևից». Արմավիրի քաղաքապետն ու Լոռու մարզպետը կամավորագրվում են

2020-10-21 22:07 , Общество, 1698

«Ժամն է, չկա ետդարձի ճանապարհ», «Ձևավորում ենք կամավորական ջոկատ և գնում մեր բաժին հաղթանակի հետևից». Արմավիրի քաղաքապետն ու Լոռու մարզպետը կամավորագրվում են

Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն արձագանքում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կամավորական ջոկատներ կազմավորելու կոչին:

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենիքի պաշտպանության խրամատը սրբություն սրբոց է, այդ խրամատում գտնվելը՝ մեծագույն պատիվ ինձ համար:

Եվ ուրեմն, այս պահից սկսած ձևավորում ենք կամավորական ջոկատ և գնում ենք մեր բաժին հաղթանակի հետևից»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ևս հայտնել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին կամավորագրվելու մասին:

«Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին:

Րոպեներ առաջ Լոռու համայնքապետերի հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին՝ վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացան նաև մարզի համայնքների ղեկավարները, ովքեր վաղն արդեն կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը:

Սիրելի՛ լոռեցիներ. այլևս ժամն է, չկա ետդարձի ճանապարհ: Բոլոր նրանք, ովքեր հասկանում են պահի լրջությունը և կարող են զենք վերցնել, խնդրում եմ այս պահից սկսած դիմել Լոռու մարզպետարան և համայնքապետարաններ:

Ես հավատում եմ մեր միասնականությանը, ես հավատում եմ, որ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայորդու համար վեր է ամեն ինչից: Եվ ուրեմն՝ ի զեն: Հաղթելու ենք»,- գրել է Անդրեյ Ղուկասյանը:

Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը, գոնե այս փուլում, դիվանագիտական լուծում չունի, և հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է, և կռվելն այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի։ Ըստ այդմ էլ՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կամավորական ջոկատներ կազմակերպել։

Այնուհետ ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանը ներկայացրեց կամավորագրվելու և առաջնագիծ մեկնելու քայլերի հաջորդականությունը՝ այն սկսելով 30 հոգանոց ջոկատի ձևավորումից:

Лента

Рекомендуем посмотреть