Հայաստանում անցած մեկ օրում կատարված 4340 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 1836 նոր դեպք, արձանագրվել է մահվան 20 դեպք, առողջացել է 485 մարդ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ հոկտեմբերի 21-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68 530 դեպք է հաստատվել, որոնցից 49 299-ն` առողջացած, 1121-ը` մահվան ելքով։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է։
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 20 ելքերին՝ առողջապահության նախարարությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Առողջապահական գերատեսչությունից ընդգծում են՝ Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր, երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից:
«16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով: Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել»,-նշում են նախարարությունից:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 17 869 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 357 104 թեստավորում:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում, մասնավորապես պատերազմական իրավիճակով պայմանավորված, ՀՀ իշխանությունների կողմից պարբերաբար հորդորվում է սրբորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահել ֆիզիկական հեռավորություն, հաճակակի լվանալ ձեռքերը։ «Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան»,- քաղաքացիներին հղած տեսաուղերձում ընդգծել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։