1 օրում Covid-19-ի 672 նոր դեպք. Ավինյանը հորդորում է սրբորեն հետևել կանխարգելման կանոններին - RadioVan.fm

Онлайн

1 օրում Covid-19-ի 672 նոր դեպք. Ավինյանը հորդորում է սրբորեն հետևել կանխարգելման կանոններին

2020-10-07 13:54 , Общество, 973

1 օրում Covid-19-ի 672 նոր դեպք. Ավինյանը հորդորում է սրբորեն հետևել կանխարգելման կանոններին

«Վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ: Եթե այս միտումը շարունակվի, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն մեր առողջապահական համակարգի համար»,-այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ արդեն 10 օրից ավել է՝ Հայոց բանակը պայքար է մղում ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց վարձկան-ահաբեկիչների դեմ՝ հանուն բոլորիս ապրելու իրավունքի և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հարատևության, և օրերին պետք է ամեն կերպ աջակցենք առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորներին ու սրբորեն հետևել սանիտարահամաճարակային բոլոր կանոններին։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն 10 օրից ավել է՝ Հայոց բանակը պայքար է մղում ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց վարձկան-ահաբեկիչների դեմ՝ հանուն բոլորիս ապրելու իրավունքի և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հարատևության։ Այս օրերին պետք է ամեն կերպ աջակցենք առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորներին: Իսկ առաջնագիծն ամուր է, երբ ամուր է թիկունքը։

Չափազանց մեծ մտահոգությամբ պետք է նշեմ, որ վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ: Եթե այս միտումը շարունակվի, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն մեր առողջապահական համակարգի համար:

Արդյունքում, ունենալու ենք թե՛ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, թե՛ կորոնավիրուսով վարակված բազմաթիվ հայրենակիցների բժշկական սպասարկման կարիք, ինչը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի ռեսուրսների գերլարման:

Մեր բժիշկներն արդեն քանի ամիս է աշխատում են 24/7 ռեժիմով՝ գերնպատակ ունենալով լավագույնս սպասարկել յուրաքանչյուր պացիենտի։ Հետևաբար, եթե ցանկանում ենք, որ՝

-Մարտական գործողությունների արդյունքում վիրավորված զինվորներն ու քաղաքացիները ստանան լավագույն բուժսպասարկումը,

-Կորոնավիրուսով վարակված պացիենտները ստանան պատշաճ ծառայություն,

-Տնտեսությունը շարունակի գործել՝ ապահովելով առաջնագիծն անհրաժեշտ աջակցությամբ,

ապա անհրաժեշտ է անել ամեն ինչ չվարակվելու համար, այն է՝ սրբորեն հետևել սանիտարահամաճարակային բոլոր կանոններին, որոնք, վստահաբար, բոլորս գիտենք։

Հետևաբար, խնդրում, հորդորում ու պահանջում եմ լինել ծայրահեղ զգոն և ուշադիր, շարունակել կրել դիմակ, պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը և զերծ մնալ անհարկի շփումներից:

Հետևե՛նք հակահամաճարակային կանոններին,

Կանխե՛նք հիվանդության տարածումը,

Ամուր պահե՛նք մեր թիկունքը,

Քանի որ անխուսափելիորեն #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»։

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ վերջին 1 օրում կատարված 2878 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 672 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, մարտի 1-ից առ այսօր հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության 53 755 դեպք է արձանագրվել, որոնցից 45110-ն` առողջացած, 995-ը` մահվան ելքով, ևս 302 վարակակիր, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, մահացել է այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7348 պացիենտ:

Лента

Рекомендуем посмотреть