Ադրբեջանի սկսած պատերազմից Արցախում տուժած խաղաղ բնակիչների համար ամերիկահայ համայնքի հավաքած մարդասիրական բեռով «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության ինքնաթիռը հոկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 12:17-ին ժամանել է Հայաստան:
Այդ մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ հիշեցնելով, որ ավելի վաղ կոմիտեն հայտարարել էր, որ նույն բեռը տեղափոխելու համար հոկտեմբերի 15-ին նախատեսված չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չէր նշել:
Ավելի ուշ պարզվել էր, որ օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, որը խոչընդոտներ էր հարուցել Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:
«Բեռնափոխադրումն ի վերջո հնարավոր դարձավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և ԱՄՆ հայ համայնքի հետևողական ջանքերով, շուրջօրյա ու պահանջկոտ աշխատանքի շնորհիվ: Թուրքիայի կողմից նախորդ անգամ հարուցված խնդիրների մասին Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել է «EUROCONTROL»-աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը, համագործակցել է ԱՄՆ հայ համայնքի հետ, «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության հետ: Այսօր արձանագրում ենք փաստը, որ մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռն անցավ Թուրքիայի օդային տարածքով»,-նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Թուրքերը փորձեցին խանգարել, բայց մեծ իմաստով չստացվեց»,- տեղեկացնելով Միացյալ Նահանգների մեր հայրենակիցների կողմից հավաքված օգնության մի մեծ մասի Երևան հասնելու մասին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնել էր, որ Թուրքիան արգելել է իր օդային տարածքով ՀՀ մարդասիրական բեռ հասցնել, որ ԱՄՆ-ից 100 տոննա բեռի փոխանցումը հետաձգվել է: