Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան - RadioVan.fm

Онлайн

Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան

2020-10-11 10:50 , Политика, 974

Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան

«Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս: Արցախի ժողովրդի՝ սեփական հողում ապրելու իրավունքը միջազգայնորեն ճանաչված է»,-այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Խոսելով Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ, որին միացել են Թուրքիան և միջազգային ահաբեկիչները:

«Ինչու՞ ցեղասպանություն, որովհետև Ադրբեջանը ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների անվան տակ Արցախի խաղաղ բնակչության դեմ օգտագործում է «Սմերչ», «Պոլոնեզ», «Կասիրգա» հրթիռային համակարգեր, անօդաչու հարվածային սարքեր: Ստեփանակերտում չկա տեղ, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել՝ այն էլ՝ մի քանի անգամ, ընդհուպ՝ Շուշիի եկեղեցին, որը որևէ բարոյականության տիրույթ չի մտնում, որի հարևանությամբ որևէ զինվորական կամ ենթակառուցվածքային օբյեկտ չկա՝ անգամներով հրթիռակոծվել է: Այսինքն, Արցախում ոտնահարվում են համամարդկային արժեքները, ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց»,-հիմնավորեց Արցախի նախագահը:

Արցախի նախագահն արձանագրեց. «Միջազգային ահաբեկչությունը ներթափանցել է տարածաշրջան՝ Արցախյան ազատագրական պայքարի դեմ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության քողի ներքո: Հստակ տեղեկություններ ունենք, որ այդ խմբավորումներն Արցախում են կամ պատրաստվում են գալ Արցախ»:

Նա նշեց, որ ամենժամյա կապի մեջ է ՀՀ վարչապետի, ՀՀ իշխանությունների հետ, նրանք տեղեկացված են բոլոր խնդիրներից, և չկա մի հարց, որը վայրկյանների ընթացքում լուծում չստանա, և, ըստ նրա, դա է լինելու մեր հաղթանակի գրավականը:

Лента

Рекомендуем посмотреть