Թշնամու ագրեսիան հետ մղելու հետևանքով անմահացած Ալբերտ Հովհաննիսյանը Արցախի Հանրապետության հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Այդ մասին հայտնում է Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Սիրելի ՛ Արտակ
Պատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝ Ալբերտի, կորստի համար վշտակցությունս ու ցավակցությունս հայտնել հեռակա: Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ: Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում:
Արցախը բարձր է գնահատում իր հերոսի սխրանքը, և, իմ հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին, և հայ ժողովուրդը Ձեզ հետ հավասար կարող է և պետք է հպարտանա իր նվիրյալ զավակներով:
Այսօր կարդացի նաև Ձեր հորդորը, որ հերոս տղայի վերջին հրաժեշտի արարողության ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն Հայրենիքի զորացմանը: Ես իմ խոնարհումն եմ ուզում բերել նաև Ձեր մարդկային և ծնողական վեհ տեսակին: Մեր ժողովուրդն անպարտ է, քանի որ Ձեզ ու Ձեր որդու պես զավակներ ունի:
Հազա՛ր փառք Հայրենիքի համար բոլոր ընկածներին:
Պատի՛վ ունեմ»:
Նշենք՝ Ալբերտ Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ից:
Հերոս հայորդին վերջին հանգրվանը կգտնի Եռաբլուր պանթեոնում՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին:
Ալբերտի հայրը որդու հիշատակին հարգանքի տուրք մատուցել ցանկացողներին խնդրել և հորդորել է ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որի նախաձեռնությամբ, հիշեցնենք, այս օրերին «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք է անցկացվում: