Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում 100-ավոր անմահացած հերոս հայորդիների շարքերում է նաև այս օրերին ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան լրատվամիջոցների շրջանակում լայն տարածում գտած, լրատվանյութերի լուսանկարների շարքում իր իրույն տեղը զբաղեցրած, շատերին ոգևորած, շատերի սիրտը գրաված, թշնամու կրակի դեմ անպարտ հայու ոգով կռիվ տվող, հայ զինվորի հավաքական կերպարի խորհրդանիշ հայտնի հրետանավորը՝ Ալբերտ Հովհաննիսյանը:
Օրեր շարունակ ընտանիքը նրանից լուր չուներ: Հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հոկտեմբերի 5-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Ջաբայիլի զորամասում ծառայող որդուց մի քանի օր է՝ տեղեկություն չունի, նրան գտնելու բոլոր ջանքերն ապարդյուն են։ Նա խնդրել էր հրապարակումը կարդացողներին ստույգ տեղեկատվություն ունենալու դեպքում դիմել իրենց:
Հերոս հայորդու անմահանալու լուրը ևս հայրն է հայտնում: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը:
Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր:
Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ...
Փա՛ռք մեր հերոսներին»:
Ալբերտ Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ից.
Հերոս հայորդին վերջին հանգրվանը կգտնի Եռաբլուր պանթեոնում՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին:
«Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ալբերտի հիշատակին, ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին. վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը»,-գրել է նրա հայրը:
Խոնարհում ու խնկարկում քաջ հայորդիների շիրիմներին։
Փառք հայոց բանակի բոլոր մարտիկներին։