«Պաշտոնն ինձ համար հայրենիքիս ծառայելն է։ Էնպես չի, որ այդ փափուկ աթոռը ինձ համար բարեկեցիկ կյանքի համար է, դա ժողովրդիս ծառայելու համար է։ Հիմա իմ կարիքն այնտեղ ավելի շատ կա։ Ոչ ոք պարտավոր չէ իմ ընտանիքը պաշտպանի, առաջինը ես պետք է պաշտպանեմ իմ մորը, իմ ընտանիքը, իմ մանկահասակ երեխաներին»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը, ով այս րոպեներին ճանապարհ է բռնել դեպի Արցախ՝ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության(ОМОН) և «Կոռնիձոր» ջոկատի 100 հայորդիների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում այդ տեղերը ժամանակավորապես կլրացվեն:
Հայտնել էինք, որ հակառակորդին վերջնականապես հակահարված տալու ու կապիտուլյացիայի ենթակելու վստահությամբ այսօր երեկոյան առաջնագիծ են մեկնում մեկ տասնյակ հայորդիներ՝ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ОМОН) վետերանների միության անդամները՝ միության ղեկավար ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանի, և «Կոռնիձոր» ջոկատի վետերանները՝ Արայիկ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան