ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել, որում ասված է․
«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր վաղ առավոտից լսեցինք բոթը, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
Տարին սկսել էինք Կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմակայելու մարտահրավերով: Սիրելի բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով: Մենք ուժեղ ենք ու պատրաստ, 2 ուղղությունով էլ պայքարելու ենք միասին` մեկտեղելով մեր ուժերն ու ջանքերը:
Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը: Շնորհակալ եմ բժշկական հանրությունից համախմբածվության համար:
Այդուհանդերձ, չպետք է կորցնենք մեր զգոնությունը, պետք է շարունակենք պահպանել համաճարակաբանական կանոնները, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեզ չհաղթի, լինենք կանգուն ու մարտունակ:
Կոչ եմ անում հետևել պաշտոնական լրահոսին և պահպանել հանգստություն: Առաջին անգամ չէ, որ կանգնած ենք առերևույթ և անտեսանելի թշնամիների առջև: Վստահ եմ, որ հաղթելու ենք և բազում հաղթանակների շարքում կգրվի նաև այս մեկը:
Հայի ոգին և ուժն անկոտրում է, և ոչ ոք չի կարող հաղթել մեզ»:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։
Հաղորդվել է հայկական կողմից 16 զոհի և 100-ից ավելի վիրավորների մասին: Հակառակորդի կողմից ավելի քան 50 խաղաղ բնակավայրերի վրա ծանր հրետանու ու օդուժի կիրառման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում այս պահին հաստատված 2 զոհ կա, 30-ից ավելի վիրավոր:
Ադրբեջանն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ․ խոցվել է 3 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ:
Այս պահին ընթանում են թեժ մարտեր։