Գյուղական կյանքը և ավանդույթները մեկ՝ «կանաչ» հարկի տակ. Բերքի փառատոնը մեկնարկել է - RadioVan.fm

Онлайн

Գյուղական կյանքը և ավանդույթները մեկ՝ «կանաչ» հարկի տակ. Բերքի փառատոնը մեկնարկել է  

2020-09-26 12:57 , Общество, 1912

Գյուղական կյանքը և ավանդույթները մեկ՝ «կանաչ» հարկի տակ. Բերքի փառատոնը մեկնարկել է

Այգեգործներ, գինեգործներ, խոհարարական արվեստի գիտակներ, արհեստագործներ. օրգանական գյուղմթերք արտադրող շուրջ 120 գյուղացիական տնտեսություններ` Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից, համախմբվել էին մեկ՝ «կանաչ» հարկի տակ՝ Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնի շրջանակներում:

Երկօրյա փառատոնի կազմակերպիչների՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Կանաչ ուսուցման կենտրոն» ՍՊԸ-ի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի նպատակն է աջակցել ֆերմերներին իրենց արտադրանքը ներկայացնելու և իրացնելու հարցում, նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը:

Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը կարևորեց օրգանական, բարձրարժեք մշակաբույսեր արտադրող փոքր գյուղացիական միավորումների ներկայությունը՝ նշելով, որ նման փառատոններից հետո դրանք զարգանալով դառնում են մեծ տնտեսություններ։

Փոխնախարարն ընդգծեց նաև գյուղական ավանդույթների պահպանման կարևորությունը:

Իսկ թե համավարակի պայմաններում դժվա՞ր էր նման մասշտաբային միջոցառում կազմակերպելը՝ օրգանական գյուղատնտեսության խորհրդատու, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանն ասաց, որ, այո, սակայն պատկան մարմինների հետ համագործակցությամբ ամեն բան հաղթահարվել է:

«Մենք պարտավոր էինք շարունակել այս փառատոնը, առանց այն էլ մեր ֆերմերները ընկճված էին, կորոնավիրուսի համավարակի պատճառով իրացման խնդրի առաջ էին»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց տիկին Նունեն, որի հիմնած «Կանաչ ուսուցման կենտրոնում» էլ մի հարկի տակ էին հավաքվել գյուղի մշակը, ձեռներեցներն ու հյուրերը:

Տասնյակ տաղավարների կողքին նաև ներկայացված էին Հայաստանում ապաստանած սիրիահայերի, Եգիպտոսի հայերի ձեռագործ աշխատանքները և ավանդական ուտեստները. Նրանց մասնակցությունը հնարավոր է դարձել Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության ջանքերի շնորհիվ:

Տաղավարներից մեկում սիրիահայ 10-ամյա Գևորգը իր թղթե աշխատանքներն էր ներկայացրել. ծրարներ, էջանշաններ, հեռախոսի հենակներ և այլն, որոնք վաճառելով ցանկանում է օգնել կորոնավիրուսի հետևանքով ծանր կացությունում գտնվող ընտանիքին:

Նշենք՝ Բերքի տոնի խորհրդանշական հայկական ավանդույթներն էլ հյուրերին ներկայացնում էին «ԿԷԱՆ» կրթամշակութային կենտրոնի ներկայացուցիչները։

Փառատոնի գույներին, մասնակիցների ու հյուրերի հետ զրույցի մանրամասներին ծանոթացեք տեսանյութում:

Հավելենք, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում անցկացվող միջոցառման ընթացքում կանցկացվի մրցանակաբաշխություն`«Լավագույն ֆերմերային խումբ», «Լավագույն կանանց ֆերմերային խումբ» և «Լավագույն ձեռներեց» անվանակարգերում, կհանձնվեն հատուկ մրցանակներ ու նվերներ:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть