Ի՞նչն է խոչընդոտում, որ Հայաստանում գյուղատնտեսությունը լավ չի զարգանում. ծնունդով տավուշեցի (Բերդ գյուղ) օրգանական գյուղատնտեսության խորհրդատու, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ 58-ամյա Նունե Սարուխանյանի համար այս հարցի պատասխանը գտնելը ուսուցման կենտրոն հիմնելու երազանքի իրագործման համար խթան հանդիսացավ:
«6 տարի առաջ գյուղական համայնքներ այցերի արդյունքում հասկացա, որ նպատակային խորհրդատվության բացակայությունն է հենց խոչընդոտը, այսինքն, միայն տեսական գիտելիքներ տրամադրելով՝ դժվար է ֆերմերին ճիշտ ճանապարհ ցույց տալ և այդտեղ էր, որ հաստատապես մտածեցի հիմնել մի վայր, որտեղ ֆերմերը կգա ու կսովորի կատարելով»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում անցած ուղու մասին է պատմում մասնագիտությամբ գյուղատնտես, ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող տիկին Նունեն՝ անկեղծանալով, որ իր գաղափարին սկզբում ոչ ոք չի հավատացել, անգամ՝ ամուսինը:
Դեպի Եգիպտոս 2014-ին կատարած ճամփորդությունը, սակայն, ճակատագրական է եղել գաղափարի իրագործման մեկնարկը տալու գործում:
«Բլոգեր որդիս Եգիպտոս ճամփորդելու ուղեգիր նվիրեց ինձ ու ամուսնուս, այնտեղ հանդիպեցի 3 դոլարով վաճառվող ձեռագործ գորգիկների, փայտե ջահերի ու պատկերացրի, որ հենց այսպիսի իրերով պետք է կահավորեմ կենտրոնս, կենտրոն, որի տարածքն էլ դեռ չկար: Ամուսինս գնաց լողափ, իսկ ես, լողալ այնքան էլ չսիրելու պատճառով, նախընտրեցի մնալ սենյակում, ուղեղս պարապ էր և մտքերս ամբողջովին կենտրոնացած էին իմ երազանքի կենտրոնը ստեղծելու վրա: Ամուսինս լողափից վերադառնալով՝ տեսավ սենյակում լիքը պայուսակներ են, ասեցի՝ Ռաֆայել, մի բան ասեմ չջաղյնանաս, ուսուցման կենտրոնի համար իրեր եմ գնել: Ասեց՝ «Դու լա՞վ ես, նորմա՞լ է քեզ մոտ ամեն ինչ, գործդ ունես, հանգիստ ապրի, քեզ պե՞տք է»: Իսկ արդեն տուն վերադառնալիս, երբ երեխեքը հարցրին, մամ, պապ ոնց եք՝ ասեց՝ «Ես լավ եմ, բայց, այ, ձեր մոր հետ մի բան էն չի»,-անկեղծանում է տիկին Նունեն ու հիշում,-մի պահ եղավ, երբ բոլորը ասում էին՝ անհնար է, Երևանից հեռու ո՞վ պիտի գա, կամ՝ ինչու՞»:
Գյուղատնտեսության ոլորտում միջազգային կազմակերպությունների խորհրդատու հանդիսացող գյուղատնտեսը, սակայն, հավատալով իր երազանքին, Երևան վերադառնալուն պես անցել է հողատարածք գտնելու գործին: Էկո-կրթական կենտրոնի ստեղծման համար ընտրվել է քաղաքամայր Երևանին շատ մոտ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մոտ 1 հեկտար հողատարածքը, որում այսօր, չնայած հողի խիստ կավային լինելու հանգամանքին, մշակվում և վաճառքի են հանվում ավելի քան 100 տեսակի օրգանական բույսեր՝ միրգ, հատապտուղ, բանջարեղեն:
«Միջազգային գործընկերներս ասում էին, որ, գոնե, այդ վատ որակի հողը չգնեմ, հակադարձում էի՝ լավ հողի վրա ով էլ ասես կարող է աշխատել, իսկ, այ, լավ գյուղատնտեսը վատ որակի հողից էլ արդյունք կստանա,-պատմում է Նունե Սարուխանյանը, ու ժպիտով հավելում, թե այժմ՝ կենտրոնի հիմնադրումից շուրջ 6 տարի անց, ինչից է հատկապես ուրախանում,-կենտրոն գալիս են ոչ միայն տեղացի ֆերմերները, այլև մասնագետներ Գերմանիայից, Ավստրիայից, Անգլիայից, մեր հարևան Վրաստանից են շատ հաճախ այստեղ դասընթացներ իրականացնում. ուրախանում եմ, որ այնպես չէ, որ միշտ մենք պետք է դրսից սովորենք, մենք էլ շատ բան ունենք սովորեցնելու»:
Էկո-կրթական կենտրոնում այսօր ոչ միայն առանց թունանյութերի մթերքներ են արտադրվում, այլև ֆերմերների համար՝ մեծամասամբ կին, օրգանական գյուղատնտեսության գաղտնիքների, հողից շուկա ամբողջ շղթայի մասին դասընթացներ են կազմակերպվում, տարածքում կառուցված «Լիմոնարիում» սրահում էլ՝ տարատեսակ միջոցառումներ են անցկացվում, ջերմատունն էլ ձմռանը «հյուրընկալում» է ծաղկամաններով տեղափոխված բույսերին՝ կանանց խոհանոցներում այնուհետ հանգրվան գտնելու նպատակով:
Տարածքում նաև գիշերակացի համար հարմարավետ, նրբաճաշակ դիզայնով սենյակներ են կառուցվել, դե իսկ՝ նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի ժամին էլ մատուցվում են բացառապես տնական ճաշատեսակներ՝ օրգանական մթերքներով հարուստ:
Խոհանոցի պատերից մեկին էլ, ի դեպ, ամրացված է տիկին Նունեի եվրոպացի գործընկերների ձեռքով պատրաստված ժամացույցը՝ բակլազգիների ընտանիքին պատկանող բույսերով: Իրեր էլ կան, որոնք թեև հնացել են, սակայն տիկին Նունեն դեն չի նետում՝ առաջին քայլերի մասին են հիշեցնում:
Տիկին Նունեն ժպտալով նկատում է՝ շատ կանայք այս կամ այն երկիր ճամփորդելիս օծանելիքներ ու հագուստեղեն են բերում, իսկ իր «տնքացող» ճամպրուկներում՝ գյուղատնտեսական գործիքներ են, հատապտուղների կշռափաթեթավորման սարքավորումներ:
«Ֆերմերի հետ կողք-կողքի» նշանաբանով ապրող ու արարող Նունե Սարուխանյանը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ մանր խնդիրների վրա, որովհետև այդ ընթացքում, նրա խոսքով, շատ բան ենք կորցնում դեպի կյանքի բուն նպատակը հասնելու ճանապարհին:
Նունե Սարուխանյանի հետ զրույցից այլ մանրամասներ՝ տեսանյութում:
1962 թվականին ծնված Նունե Սարուխանյանը 1986թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի (ՀԳԻ) Ագրոնոմիական ֆակուլտետը, 1987-ին՝ նույն ինստիտուտի Տնտեսագիտական ֆակուլտետը, 2003-ին ավարտել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ասպիրանտուրան: Փորձի փոխանակման, ուսուցման և վերապատրաստման նպատակով եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հոլանդիայում, Իտալիայում, Ռումինիայում, Լեհաստանում և ԱՊՀ մի շարք երկրներում: Հեղինակել է տասնյակից ավելի գրքեր, մենագրություններ, երեք տասնյակից ավելի գիտահանրամատչելի հոդվածներ:
Հարցազրույցի տեսանյութը և լուսանկարները արվել են 2019-ի դեկտեմբերի 15-ին:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան