«Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսանոց թափանցիկ է»․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսանոց թափանցիկ է»․ Փաշինյան

2020-09-24 17:18 , Политика, 1017

«Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսանոց թափանցիկ է»․ Փաշինյան

«Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսանոց թափանցիկ է, այսինքն՝ մենք որևէ թիվ այս ընթացքում չենք փոխել ընդհանրապես: Այն, ինչ գիտենք մենք, գիտի Հայաստանի հանրությունը և ամբողջ աշխարհը՝ այն տարբերությամբ, որ կարող է մենք մի քանի ժամ ավելի շուտ գիտենք, քան մյուսները»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին:

Փաշինյանը նկատել է, որ հիվանդության առումով կրկին իրավիճակի սրում ունենք` երեկ ունեցել ենք 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից:

«Ինչի՞ հետ է կապված: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժունակության ավելացման հետ: Եվ ինչպե՞ս ենք մենք այս իրավիճակին վերաբերում: Մեր դիրքորոշումը շարունակվում է մնալ նույնը, որ մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ, և այստեղ շատ բան կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից: Իհարկե, նաև վարչական մեթոդներ պետք է շատ խստորեն կիրառել, և պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները և ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ:

Բայց, մյուս կողմից, պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր՝ կարմիր գիծն այն է, երբ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն: Այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել: Իհարկե, հուլիսին մենք ծավալել էինք հիվանդանոցային շատ մեծ կարողություններ: Հիմա այդ կարողությունների մեծ մասն արդեն վերադարձել են իրենց նախկին բնականոն վիճակին, բայց նաև պատրաստ են ցանկացած պահի ետ վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը: Պարոն Թորոսյան, այս պահի դրությամբ դեռևս նոր ծավալման կարիք չունենք, բայց եթե իրադարձությունները զարգանան այսպես, շատ հնարավոր է, որ նորից այդ նույն խնդրի առաջ կանգնենք»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունը շարունակում է իրագործել հակաճգնաժամային միջոցառումներ, և այսօրվանից ուժի մեջ է մտնում տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցության ծրագիրը:

Նրա խնդրանքով Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը, որի շահառուներն այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք 2019թ. ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց առավելապես եկամուտներ են ստացել այն կազմակերպություններից, որոնք հենց տուրիզմի ոլորտում են գործում:

«Այսինքն՝ եթե 2019թ. ընթացքում տրանսպորտային ընկերության մատուցած ծառայություններն առավելապես ուղղված են եղել տուրիստական օպերատորներին, հյուրանոցների պատվերներ են կատարել կամ այնպիսի պատվերներ, որոնց դիմաց վճարումներն ստացված են եղել օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների հաշիվներից, ինչը նշանակում է, որ առավելապես այդպիսի ծառայությունները կապ են ունեցել Հայաստան ժամանող քաղաքացիների հետ, այդ ծառայությունները լինելու են մեր շահառուների շրջանակը:

Մի քանի պայմաններ կան կառավարության որոշմամբ սահմանված՝ կազմակերպությունները պետք է ստեղծված լինեն մինչև 2019թ. հունվարի 1-ը, և ինչպես նշեցի՝ իրենց եկամուտները պետք է ստացած լինեն այդ 3 տիպի ուղղություններից առավելապես: Հաջորդը՝ եկամուտների առնվազն 50 տոկոսը պետք է ձևավորված լինի այդ 3 խումբ պատվիրատուներից: Հաջորդ կարևոր պայմանն այն է, որ իրենք պետք է աջակցություն ստանան միայն այն վարկային միջոցների տոկոսները վճարելու առնչությամբ, որոնք ստացված են եղել տրանսպորտային միջոցները գնելու համար, այսինքն՝ եթե այս կազմակերպությունները վարկ են վերցրել բանկերից կամ լիզինգային կազմակերպություններից՝ օրինակ, ավտոբուսներ ձեռք բերելու համար, և այդ վարկն ստացել են մինչև 2019թ. մարտի 31-ը ներառյալ, այդ մասով հաշվարկված տոկոսներն են միայն, որ կարող են մասամբ վճարվել կառավարության կողմից:

Հաջորդ հիմնական պայմանն այն է, որ կառավարությունը պետք է վճարի կամ պետք է օգնի վճարել այդ տոկոսների 75 տոկոս չափը, և առևտրային բանկն իր վարկառուի հետ միասին պետք է գան այն համաձայնության, որ վարկի մայր գումարը մինչև 2021թ. մարտ ամիսը ներառյալ պետք է հետաձգվի: Այսինքն՝ առևտրային բանկը պետք է պատրաստ լինի վարկառուի հետ իր պայմանավորվածություններով վարկի մայր գումարի հետաձգում կատարել մինչև 2021թ. ապրիլ, երբ մենք սպասում ենք, որ կվերադառնանք բնականոն տուրիստական կյանքի, ներքին զբոսաշրջության շրջանառության: Մնացած 25 տոկոսը վարկառուն և բանկը պետք է փոխադարձաբար պայմանավորվեն՝ եթե բանկն իր վերլուծության արդյունքում վարկառուի հետ միասին կորոշեն, որ ընթացիկ ֆինանսական հոսքերը բավարար են, որ այդ 25 տոկոսը վճարի, կազմակերպությունը պետք է վճարի իր միջոցների հաշվին: Եթե բանկն ու այդ կազմակերպությունը կգան այն համաձայնության, որ կազմակերպության ֆինանսական հոսքերը չեն բավարարում այդ վճարումներն անելու համար, ապա տոկոսների այդ վճարումը նույնպես պետք է հետաձգվի մինչև 2021թ. ապրիլ ամիս, որպեսզի այս կազմակերպության բնականոն գործունեությունն առաջիկա 6 ամսվա ընթացքում հնարավոր լինի պահպանել, որքանով դա այս դժվարին պայմաններում հնարավոր է, և երբ տնտեսական ակտիվությունը կվերադառնա, կազմակերպությունը շարունակի բնականոն եղանակով սպասարկել իր վարկային պարտավորությունները:

Եւ ամենավերջինը, որ կցանկանայի նշել՝ Էկոնոմիկայի նախարարության վեբկայքում էլեկտրոնային դիմումը և այն փաստաթղթերը, որ պետք է ներկայացնեն շահառու ճանաչվելու համար, արդեն հասանելի են պոտենցիալ դիմորդների համար: Ես, այս առիթն օգտագործելով, ցանկանում եմ կոչ անել բոլորին, ովքեր այդ դասակարգչին վերաբերող գործունեություն են վարում, ներկայացնել իրենց էլեկտրոնային դիմումները: Նորից մեկ կարևոր առանձնահատկություն՝ դիմում ներկայացնելը դեռ չի նշանակում, որ դա հաստատում է շահառու ճանաչվելը: Ստացված բոլոր տեղեկությունները մենք ճշտելու ենք առևտրային բանկի և ՊԵԿ-ում եղած տեղեկությունների բազայի հիման վրա, և որտեղ դրանք կհաստատվեն, տեղեկացնելու ենք, որ ճանաչվել են հաշվառու, և 2 անգամ՝ 2020թ. 4-րդ եռամսյակի համար և 2021թ. 1-ին եռամսյակի համար եռամսյակային փոխհատուցումներ ենք կատարելու:

Սրանք հիմնական կետերն են: Մենք ունենք նաև պատասխանատու աշխատակիցներ, ովքեր հեռախոսով և էլեկտրոնային եղանակով կպարզաբանեն բոլոր այն հարցերը, որոնք պոտենցիալ շահառուների մոտ կարող են առաջանալ: Մինչև հոկտեմբերի 10-ը դիմումների ընդունման ժամկետն է։ Բոլորին, ովքեր կարծում են, որ պետք է լինեն այս միջոցառման շահառու, խնդրում եմ դիմումները չուշացնել, որպեսզի նաև վերլուծության և հետագա աշխատանքի համար փաստաթղթային մշակումները ժամանակին կատարված լինեն»,-մանրամասնել է նախարարը:

Лента

Рекомендуем посмотреть