Կոչ զինծառայողների ծնողներին՝ դադարեցրեք տեսակցության նպատակով այցելությունները զորամասեր և հոսպիտալներ․ ԶՈւ-երում կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են - RadioVan.fm

Онлайн

Կոչ զինծառայողների ծնողներին՝ դադարեցրեք տեսակցության նպատակով այցելությունները զորամասեր և հոսպիտալներ․ ԶՈւ-երում կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

2020-09-10 19:19 , Общество, 1359

Կոչ զինծառայողների ծնողներին՝ դադարեցրեք տեսակցության նպատակով այցելությունները զորամասեր և հոսպիտալներ․ ԶՈւ-երում կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

Չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումներին, ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ:

«Զինված ուժերում կիրառվող սահմանափակումները միտված են անձնակազմի մարտունակության պահպանմանը: Կիրառվող սահմանափակումների շնորհիվ զինված ուժերում այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը կառավարելի է»,-ընդծում են պաշտպանական գերատեսչությունից՝ տեղեկացնելով, որ կշարունակվեն կիրառվել հետևյալ սահմանափակումները.

– արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները,

– խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին,

– պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն):

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում զինծառայողների ծնողներին և հարազատներին դադարեցնել տեսակցության նպատակով այցելությունները զորամասեր և հոսպիտալներ, հնարավորինս բացառել շփումները զինծառայողների հետ:

«Հիվանդության գաղտնի շրջանում գտնվող անձը տեսակցությունների և շփումների հետևանքով վարակն անգիտակցաբար կարող է փոխանցել զինծառայողներին, ինչը պատճառ կհանդիսանա զինված ուժերում վարակի տարածմանը, հետևաբար, ստորաբաժանման մարտունակության անկմանը»,-հավելում են պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք՝ նոր կորոնավիրուսի (Covid-19) ներթափանցումը զորամասեր կանխելու նպատակով այցերը, զինվորների արձակուրդներն ու ազատ արձակումները հանրապետությունում արգելված են փետրվարի 26-ից, ի դեպ՝ դեռ այն ժամանակ, երբ ՀՀ-ում հիվանդության որևէ հաստատված դեպք չկար (Covid-19-ի առաջին դեպքը երկրում հաստատվել է մարտի 1-ին)։ Պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ զինվորները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը, երբ իրավիճակը կայունանա։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть