Ինչու՞ կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների մեկուսացման վայր ընտրվեց «Գոլդեն փելիս»-ը․ վարչապետը՝ պարզաբանմամբ - RadioVan.fm

Онлайн

Ինչու՞ կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների մեկուսացման վայր ընտրվեց «Գոլդեն փելիս»-ը․ վարչապետը՝ պարզաբանմամբ

2020-03-02 18:00 , Общество, 1894

Ինչու՞ կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների մեկուսացման վայր ընտրվեց «Գոլդեն փելիս»-ը․ վարչապետը՝ պարզաբանմամբ

Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։

«Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ Ամենակարևորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ»,-գրել է Փաշինյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։

Հիշեցնենք՝ նախօրեին հայաստանյան իշխանությունները հայտնեցին Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի մասին։ Վարակը հայտնաբերվել է կամովին բժշկական կենտրոն ներկայացած ՀՀ 29 տարեկան երիտասարդի մոտ, ով կնոջ հետ օդանավով փետրվարի 28-ին Թեհրանից օդանավով ժամանել է Հայաստան: Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած 32 անձ մեկուսացվել է և գտնվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում:

Թե ինչու՞ է հենց այդ վայրն ընտրվել՝ վարչապետ Փաշինյանը Ծաղկաձորի հանգստյան տներից մեկից նախօրեին երեկոյան ամփոփելով օրը՝ ասաց, որ պետությունը պետք է իր քաղաքացիներին արժանավայել պայմաններ ապահովի՝ հիվանդության մեջ կասկածելու դեպքում տարբերակված վերաբերմունքի չարժանացնելու համար։Առանց այն էլ, ըստ վարչապետի, այդ մարդիկ արդեն որոշակի առումով սթրեսային վիճակում են:

«Ինձ նաև հարցնում են, թե ինչու չենք վարձակալել մասնավոր տարածք: Մեկ պարզ պատճառով, որ որևէ սեփականատեր չէր համաձայնի, որ մենք հիվանդության կասկած ունեցող քաղաքացիներին մեկուսացնեինք իր տարածքում: Հետագայում նրա բիզնես գործունեության վրա դա նեգատիվ ազդեցություն կունենար: Մեզ պետք էր պետական տարածք, որպեսզի պետությունը լիարժեք վերահսկողություն ունենար այդ տարածքի վրա, իսկ այս պահին մենք պետական նման տարածքներ չունեինք, որը և արժանապատիվ պայմաններ ունենար, և մեծ ծավալ ունենար, եւ լիներ մեկուսացված, ինչպիսին այդ հյուրանոցն է»,-ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть