Ավագանին կողմ է քվեարկել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված «Ազդեցություն-հակազդեցություն» հուշարձանի տեղադրման որոշմանը - RadioVan.fm

Онлайн

Ավագանին կողմ է քվեարկել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված «Ազդեցություն-հակազդեցություն» հուշարձանի տեղադրման որոշմանը

2020-09-08 18:30 , Политика, 979

Ավագանին կողմ է քվեարկել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված «Ազդեցություն-հակազդեցություն»  հուշարձանի տեղադրման որոշմանը

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում 34 կողմ ձայնով հավանություն է տվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման մասին որոշմանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի տեղեկացմամբ՝ արձանը կտեղադրվի Զաքյան - Բեյրութի - Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված մանկական զբոսայգու, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22/23-րդ հենապատի միջնամասում:

«Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Կառավարության 07.11. 2019 թ. 15/56 որոշմամբ Երևանին հատկացվել է 2 միլիոն դրամ: Երևանի քաղաքապետի 30.01.2020 թ. մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու 46Ա կարգադրությամբ ստեղծված մրցութային համապատասխան հանձնաժողովի որոշման համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը»,- ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք՝ 2019-ի նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանը մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարություն տարածեց։

Մրցույթային արդյունքներն ամփոփվել էին 2020-ի փետրվարի 3-ին, ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չէր ճանաչվել: Հայտարարվել էր նոր հայտների ընդունման մասին, որ վերջնաժամկետ էր սահմանվել փետրվարի 24-ը։ 2-րդ անգամ անցկացված մրցույթում հաղթող ճանաչվեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը:

Քաղաքապետարանից նախօրեին հայտնեցին, որ «Մարտի 1-ի հուշարձանը մարմին է ստանում»։ Տեղեկացվեց, որ քանդակագործն այժմ կերտում է նախնական կավե օրինակը, գիպսային աշխատանքներից հետո աշխատանքը կգնա ձուլարան՝ Եկատիրինբուրգ: Քանդակն ամբողջությամբ բրոնզից է լինելու, կլինեն նաև քարային լուծումներ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть