2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցութային հանձնաժողովի անդամները, երկարատև քննարկումից հետո, ներկայացված 12 նախագծերից քվեարկությամբ հաղթող են ճանաչել քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը:
Այդ մասին հայնում են Երևանի քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ «մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները, բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով»:
Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում տեղադրվելիք հարթաքանդակը, քաղաքապետարանի փոխանցմամբ, իրենից ներկայացնում է բրոնզի և քարի համադրությամբ հուշարձան, որտեղ պատկերագրային լեզուն և գաղափարը հասանելի են դառնում քանդակային սիմվոլների և նյութի կառուցվածքային լուծումների միջոցով:
«Դիտողը հայտնվում է արվեստի ստեղծած միջավայրում, որն իր մեջ է կրում տվյալ տարածքի հիշողությունը և դիտողին տանում է դեպի 2008-ի մարտի ողբերգական օրերը»,-նշում են քաղաքապետարանից:
«Նախորդ մրցույթի ժամանակ ներկայացված գործերից որևէ մեկին հանձնաժողովը հավանություն չտվեց և որոշվեց հայտարարել երկրորդ մրցույթը, որպեսզի հնարավորություն տանք արվեստագետներին նոր գործեր ներկայացնել: Առաջիկայում Երևանում կտեղադրվի կարևոր և հետաքրքիր մի հուշարձան, որն ինքնին կխոսի և կպատմի մարտիմեկյան դեպքերի մասին»,-ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանն՝ իր շնորհակալությունը փոխանցելով բոլոր աշխատանքների հեղինակներին։
Հիշեցնենք՝ 2019-ի նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը հայտնեց, որ քաղաքապետարանը մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարում:
Մրցույթային արդյունքներն ամփոփվել էին 2020-ի փետրվարի 3-ին, ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չէր ճանաչվել: Հայտարարվել էր նոր հայտների ընդունման մասին, որ վերջնաժամկետ էր սահմանվել փետրվարի 24-ը։