Հայաստանի հանրակրթական դպրոցներում նախքան դասերի մեկնարկը՝ անձնակազմը՝ շուրջ 30 հազար մանկավարժ և վարչական աշխատող, նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստ կհանձնի:
Ուսուցիչները, բացառությամբ նրանց, որոնք, առողջական վիճակով պայմանավորված դասերը հեռավար կանցկացնեն, կթեստավորվեն մոտակա պոլիկլինիկաներում՝ ըստ նախապես կազմված ժամանակացույցի:
Դպրոցների անձնակազմի թեստավորման մասին դեռ օգոստոսի 22-ին հայտնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ նաև նշվել էր, որ նոր ուսումնական տարում պետությունը հոգալու է նաև ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության պահպանման համար։ Մասնավորապես, կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի (ներառյալ` 65 և բարձր տարիքի ուսուցիչներն` անկախ առողջական վիճակից) կարող են ընտրել՝
-աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից,
-աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրա համար անհրաժեշտ պայմանները,
-չներկայանալ աշխատանքի:
Հիշեցնենք՝ դասերը մեկնարկում են սեպտեմբերի 15-ից, առաջին դասարանցիներինը՝ սեպտեմբերի 14-ից: Դպրոցներն ապահովված են լինելու հակավիրուսային պաշտպանիչ միջոցներով․ դիմակներ կտրամադրվեն և՛ աշակերտներին /սաներին, ուսանողներին/, և՛ մանկավարժական ու վարչական անձնակազմին /1 ամսվա հաշվարկով/:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցի համաձայն՝ դասերի ժամանակ ինչպես երեխաները, այնպես էլ դպրոցի ողջ անձնակազմը պարտավոր է դիմակ դնել։ Բացի այդ, աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչելու, ինչպես նաև դասամիջոցներին թույլ չի տրվելու դասասենյակից դուրս գալ։
Ուսումնական տարվա 1-ին կիսամյակը 13 շաբաթ է տևելու՝ վեցօրյա աշխատանքային ժամանակացույցով, ըստ անհրաժեշտության կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։
2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակում արձակուրդի երկու մեծ դադար է պլանավորված՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու և ուսումնական գործընթացը կազմակերպելու համար։ Ըստ այդմ՝ սովորողները դասի կգնան շուրջ մեկուկես ամիս և կունենան աշնանային երկշաբաթյա արձակուրդ՝ նոյեմբերի 2-15-ը ներառյալ, երկրորդ արձակուրդին կգնան ևս շուրջ մեկուկես ամիս դասերից հետո՝ արդեն ամանորին։
Սա, ըստ ԿՄՄՍ նախարարության, թույլ կտա դեպքերի աճի պարագայում անհրաժեշտ դադար առնել, բայց նաև վերսկսել ուսումնական գործընթացը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը