Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 196 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 224 մարդ, արձանագրվել է մահվան 3 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 44 271 դեպք է արձանագրվել, որից 38 855-ը ապաքինված, 887-ը՝ մահվան ելքով։
Ըստ աղբյուրի` նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 271 է:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 3 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 1892 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 211 281-ի։
Հիշեցնենք՝ երկրում Covid-19-ի փոքր-ինչ կայուն վիճակով պայմանավորված՝ կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով վերապրոֆիլավորված բուժկենտրոններն այս օրերին վերադառնում են աշխատանքային նախկին ռեժիմին։