Կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով վերապրոֆիլավորված Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը:
Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը՝ նշելով, որ այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը:
«Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումը իրականացնելու է առողջապահության նախարարությունը:
Հավելեմ նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման): Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահական գերատեսչության մամլո պատասխանատուն։
Հիշեցնենք՝ այս ամսվա սկզբին էլ, կորոնավիրուսային վարակի նվազմամբ պայմանավորված, 200 քաղաքացու բուժած Դիլիջանի բուժկենտրոնը հայտարարեց նախկին աշխատանքային ռեժիմին վերադառնալու մասին։
Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 912 մարդ: Հիվանդությունը մարտի 1-ից առ այսօր հաստատվել է 43 781 քաղաքացու մոտ, որոնցից 37 722-ը ապաքինվել են, 879-ը՝ մահացել։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով կորոնավիրուսային հիվանդություն ունեցած 268 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը