«Չեմ հասկանում՝ 40-ի ու 60-ի մեջ ի՞նչ տարբերություն կա»․ Սասուն Միքայելյանը «ուտուշ-խմուշների» մասնակիցների թույլատրելի նոր քանակից գոհ չէր - RadioVan.fm

Онлайн

«Չեմ հասկանում՝ 40-ի ու 60-ի մեջ ի՞նչ տարբերություն կա»․ Սասուն Միքայելյանը «ուտուշ-խմուշների» մասնակիցների թույլատրելի նոր քանակից գոհ չէր

2020-08-12 17:55 , Политика, 1278

«Չեմ հասկանում՝ 40-ի ու 60-ի մեջ ի՞նչ տարբերություն կա»․ Սասուն Միքայելյանը «ուտուշ-խմուշների» մասնակիցների թույլատրելի նոր քանակից գոհ չէր

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամկետների երկարաձգման հետ մեկտեղ հստակեցումներ են արվել միջոցառումների հետ կապված։

Այսպես, թույլատրվում է ընտանեկան միջոցառումների և ժամանցային ծրագրերի իրականացում՝ պարետի կողմից սահմանված կարգով։ Այսպիսի միջոցառումների կարող է մասնակցել առավելագույնը 40 հոգի։ Ազգային ժողովում այսօր հրավիրված հատուկ նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հստակեցրեց՝ ընտանեկան արարողություններ են համարվում տոնական և հիշատակի արարողությունները՝ ներառյալ տարեդարձի, հարսանյաց արարողություններն ու հուղարկավարությունները։

Հիշեցնենք՝ ՀՀ պարետի՝ մայիսի 3-ին ստորագրած N 63 որոշման համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներից ելնելով ՀՀ-ում արգելված էր 5 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը՝ այդ թվում, հարսանիքի, ծննդյան տոնի, հոգեհանգստի և թաղման արարողությունների։

«Հարսանիք է, թե ուտուշ-խմուշ, սահմանափակումը պետք է հասցնել մինչև 60 հոգի. մարդիկ ամուսնանում են»,- դիմելով պարետին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ նշելով, թե հայերը սպեցիֆիկ ժողովուրդ են, և իրենց հարսանյաց արարողությունները հնարավորինս մեծ մասշտաբով են անցնում։

«Կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են, բայց հարսանիք չեն կարողանում անել։ Այս դեպքում իրենց հնարավորություն կտանք ամուսնանալու։ Եվ երկրորդ, որ ասում եք՝ բաց տարածքներում... Հայաստանը մենակ Երևան չի, է, մարզերում երեկոյան ցուրտ է, կարելի է նաև միջոցառումները փակ տարածություններում անել, կան մեծ տարածքներ՝ 500-600 քմ տարածքով դահլիճներ։ Թող թույլատրվի 60 հոգանոց հարսանիքներն անել փակ դահլիճներում»,-նշեց նա։

Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հետագա փոփոխությունները կապված են լինելու հակահամաճարակային վիճակի հետ։

«Եթե մենք դրական տենդենցը պահենք, ապա, գուցե, հաջորդ քայլով մեղմացումներն ավելի մեծ լինեն, քան Ձեր նախանշածը։ Երբ դեպքերի թիվը նվազի, այդ հնարավորությունները կքննարկենք։ Իրավիճակը համեմատաբար է մեղմվել, բայց դեռ որոշակի սահմանափակումներ պետք է լինեն։ Պետք է փուլ առ փուլ իրականացնենք սահմանափակումների վերացումը։ Առավել մեծ ծավալով մեղմացումներ են լինելու, բայց հակահամաճարակային վիճակի բարելավումից հետո»,-նշեց փոխվարչապետը։

«Ես չեմ հասկանում՝ 40-ի ու 60-ի մեջ ի՞նչ տարբերություն կա։ Մարդիկ կան՝ նշանվել են, ուզում են հարսանիք անել։ 60-ի դեպքում կարող են մարդիկ տեղավորվել՝ բարեկամ է, հարազատ է... Իսկ հետագայում կլինի 80, թե՝ 100, դա հետագայի խնդիր է»,-հակադարձեց Սասուն Միքայելյանը։

Ազգային ժողովում ընթացող հատուկ նիստին հետևեք ուղիղ հեռարձակմամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ելնելով հանգամանքներից, որոնք հիմք են հանդիսացել այս տարվա մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար, դեռևս պահպանվում են, ու, որ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ կորոնավիրուսի դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա՝ կառավարությունը այսօր լրացող արտակարգ դրության ժամկետը մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Հայաստանում՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից բուժվողների թիվը 6262 է։ Մարտի 1-ից առ այսօր վարակը հաստատվել է 40 794 մարդու մոտ, որից 33 492-ը ապաքինվել են, 806-ը՝ մահացել։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մինչ օրս կորոնավիրուսով հիվանդ 234 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть