Արցախում պատրաստ են լիբանանահայերին ընդունել իրենց օջախներում - RadioVan.fm

Онлайн

Արցախում պատրաստ են լիբանանահայերին ընդունել իրենց օջախներում

2020-08-11 13:49 , Политика, 885

Արցախում պատրաստ են լիբանանահայերին ընդունել իրենց օջախներում

Արցախը Լիբանանի հայկական գաղթօջախին կտրամադրի ուղիղ ֆինանսական աջակցություն։ Այդ մասին լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային խորհրդակցությանն ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով բոլոր արցախցիներին ակտիվ մասնակցել առաջիկայում կազմակերպվելիք դրամահավաքին։

Նախագահը հայտարարել է, որ թեպետ օրեր առաջ խոստացել էր նախագահի աշխատավարձը փոխանցել բարեգործական հիմնադրամներին, այս անգամ այն կուղղվի Լիբանանում ապրող հայերին՝ որպես աջակցություն։ Ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև կառավարության պահուստային ֆոնդից:

Հայկական երկրորդ հանրապետության նախագահը միաժամանակ հայտարարել է․

«Ազատ բնակարանային ֆոնդի բացակայության պայմաններում անգամ պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու և մեր օջախներում նրանց համար կեցության պայմաններ ապահովելու»։

Հիշեցնենք՝ վերջին օրերին Արցախից հատուկ չվերթով մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ Բեյրութ։

Ուղիղ 1 շաբաթ առաջ Բեյրութը ցնցած պայթյունը խլել է առնվազն 160 մարդու կյանք, 5 հազարից ավելի վիրավորներ կան, 300 հազարը առանց տանիքի է մնացել։

Պայթյունի հասցված վնասի չափը 10-15 մլրդ ամերիկյան դոլար է գնահատվել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть