«Իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ»․ Ծառուկյանը՝ Լուկաշենկոյին - RadioVan.fm

Онлайн

«Իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ»․ Ծառուկյանը՝ Լուկաշենկոյին

2020-08-10 17:04 , Политика, 911

«Իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ»․ Ծառուկյանը՝ Լուկաշենկոյին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ, հարուցված քրեական գործերի շրջանակում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարկված ուղերձում ասված է․

«Հարգարժա՛ն Ալեքսանդր Գրիգորի, իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ Բելառուսի նախագահական ընտրություններին Ձեր տարած վստահ և համոզիչ հաղթանակի առթիվ:

Ընտրությանը Ձեր օգտին քվեարկած մարդկանց աննախադեպ մեծ թիվը վկայում է երկրում Ձեր անբեկանելի հեղինակության և Ձեր հանդեպ ժողովրդի անվերապահ վստահության մասին: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման հետագա տարիներին ևս ներդնելու եք բոլոր ջանքերը՝ ի նպաստ Բելառուսի Հանրապետության զարգացման և ժողովրդի բարեկեցության:

Վստահ եմ նաև, որ Ձեր շնորհիվ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները նոր թափ կստանան՝ էլ ավելի ամրապնդելով երկու ժողովուրդների միջև եղբայրական և բարեկամական կապերը: Ես ինքս պատրաստ եմ դրա համար ներդնել բոլոր ջանքերը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով հաղթանակի առթիվ՝ Ձեզ մաղթում եմ քաջ առողջություն, երկար տարիների արգասաբեր աշխատանք, իսկ Բելառուսի ժողովրդին՝ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»:

Հիշեցնենք՝ նախօրեին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ առաջադրված 5 թեկնածուներից Ալեքսանդր Լուկաշոնկոն ստացել է քվեների 80.23%-ը: Այս արդյունքները լուրջ դժգոհությունների և զանգվածային ցույցերի առիթ են դարձել՝ 1994 թվականից երկիրը ղեկավարող Լուկաշենկոյին երկրի ղեկից հեռանալու կոչերով:

Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև:

Ի դեպ, նշենք, որ Լուկաշենկոյին հաղթանակի կապակցությամբ շնորհավորած առաջին համաշխարհային առաջնորդը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն է եղել: Նրան շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Лента

Рекомендуем посмотреть