Անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մասին - RadioVan.fm

Онлайн

Անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մասին

2020-08-07 21:32 , Политика, 1335

Անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մասին

«Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին: Իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիքի հետ են: Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ մենք զոհեր չենք ունենա: Բայց մենք՝ բոլորս, համոզվեցինք, թե ինչքան հերոսաբար էին կռվում մեր զինվորներն ու հրամանատարները: Նրանիցից 75-ը հավերժ երիտասարդ մնացին՝ իրենց մարմիններով ծածկելով Արցախն ու Հայաստանը»,-այդ մասին այսօր հրապարակված «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով տեսանյութերից 4-րդ ասում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մենք կորցրեցինք զինվորների սպաների այդքան կյանքեր:

Նշենք՝ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկանքի՝ 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ, այդ թվում՝

սպաներ՝ 15,

պայմանագրային զինծառայողներ՝ 15,

ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,

աշխարհազորայիններ՝ 11,

պահեստազորայիններ՝ 2։

Անհայտ կորած `

1 սպա` կապիտան ԳաբոյանԱրգիշտի Արծվիի:

Ոչ մարտական կորուստներ․

ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններումկորուստները կազմել են.

զինծառայողներ՝ 9,

աշխարհազորայիններ՝ 2,

հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4,

Ընդամենը` 15 զոհված/մահացած:

Ընդհանուրը` 92 զոհված/մահացած:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս է կգնահատի հայկական բանակի գործողությունները՝ Սերժ Սարգյսանն ասում է.

«Արտաքին հետախուզական տվյալների համաձայն՝մենք հակառակորդին հասցրեցինք չորսից հինգ անգամ ավելի զինվորների, սպաների, այդ թվում՝ ավագ սպաների և սպառազինության կորուստ: Նույնիսկ մեր ընդդիմախոսները վերջին ժամանակներս սկսեցին գրել, այն մասին, որ ադրբեջանցիները, իրենց տվյալներով, կորցրել են 1000-ից ավելի զինվորներ»:

Տեսանյութում ՀՀ երրորդ նախագահը նաև կիսվում է Ապրիլյան պատերազմից հետո ունեցած զգացողություններով՝ ասելով.

«Այդպիսի մեծ մարտից ու հաղթանակից հետո մենք տխուր էինք և սգավոր, բայց, միևնույն ժամանակ, հպարտանում էինք մեր զինվորներով, սպաներով, գեներալներով, բոլորով՝ բոլոր նրանցով, ովքեր մասնակցել են այդ հերոսամարտին»:

Նշենք՝ այսօր ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խախտում է լռությունը։ Նրա ցանկությունն է, որ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ անձամբ իրենից լսելու, թե ինչ է եղել իրականում։

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով հրապարակված տեսանյութերից մեկում Սերժ Սարգսյանն անդրադարձել է հակառակորդի գրաված 400 հա տարածքին՝ նշելով, որ չի պնդել, որ մեր բանակը ետ վերցնի որովհետև առավելությունը տվել է մեր զինվորների կյանքին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть