Հայկական շախմատի առաջատար, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է․
«Սիրելի ընկերներ,
Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն իսկ փոխել է իմը:
Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ և մարդկանց առջև բաց, քանի որ ես հենց այդպիսին եմ: Այսպիսով, այս նամակում ես ուզում եմ անկեղծանալ իմ կյանում վերջերս կատարվելիքի մասին և խոստանալ շարունակել լինել անկեղծ իմ ողջ կյանքի ընթացքում:
Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել:
Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով:
Ուզում եմ նաև տեղեկացնել որ հասկացել եմ այն, որ եթե իմ առողջությունն ու կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի մայրամուտը: Ես հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելության համար: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը:
5 տարեկանիս լուսանկարում կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս տակ դրած, սակայն ես սովորեցի շախմատ խաղալ միայն, երբ 9 տարեկան էի: Ես սիրում եմ շախմատային աշխարհը և ուրախ եմ, որ իմ գործընկերներից շատերը խելացի և հոգատար մարդիկ են: Ես հավատում եմ, որ ես եկել եմ այս աշխարհ `շախմատիստ լինելու, իմ սկզբունքներին նվիրված և հավատարիմ լինելու համար:
Ես համոզված եմ, որ Արին նույնպես կաջակցեր իմ կյանքը ընդմիշտ շախմատին նվիրելու որոշումը: Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաև, որ հրեշտակները ինձ ուղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն: Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ ես շարունակեի ապրել և երջանիկ լինել կյանքում: Ես հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին և ընկերներիս բոլոր դժվարին պահերին կողքիս լինելու համար:
Սիրելիներս, նամակիս հիմնական նպատակը Ձեզ տեղեկացնելն էր, որ ես երջանիկ եմ, առողջ և շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով:
Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր և առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարևոր ոչինչ»:
Հիշեցնենք՝ Լևոն Արոնյանի կինը՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ ֆիլիպինցի Արիանա Կաոիլին մահացել է 2020-ի մարտի 31-ին։ Նա Երևանի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, ենթարկվել էր մի քանի վիրահատության, թոքերի հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: Նրա կենսաբանական մահը արձանագրվել էր բուժկենտրոնում։