Կյանքից հեռացել է հայկական շախմատի առաջատար, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին: Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է Լևոն Արոնյանը։
«Բառեր չկան արտահայտելու կնոջս՝ Արիանայի մահվան վիշտը։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, ով ապրեց գեղեցիկ կյանք։ Ես սիրում եմ քեզ. ննջիր խաղաղությամբ....»,- գրել է Արոնյանը։
I have no words to express the grievance over my wife Arianne's death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life...
I love you honeybun, sleep tight....
— Levon Aronian (@LevAronian) March 30, 2020
Հիշեցնենք՝ մարտի 14-ին Երևանի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արիանա Կաոիլին ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, ուր գտնվում էր մինչ այժմ: Ենթարկվել էր մի քանի վիրահատության, թոքերի հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք:
Լևոն Արոնյանի և ֆիլիպինցի Արիանա Կաոիլիեի հարսանյաց հանդիսությունը կայացել էր 2017թ. սեպտեմբերի 30-ին: Զույգի պսակադրության արարողությունը Սաղմոսավանքում էր: Հարսանիքի քավորը եղել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
33-ամյա շախմատիստուհի Արիանե Կաոիլին Հայաստանում հայտնի էր իր ակտիվ հասարակական գործունեությամբ: Նա «Ճամփորդ» թերթի գլխավոր խմբագիրը և համանուն ՍՊԸ-ի հիմնադիրն էր: Թերթը 20 հազար օրինակով ամեն երեքշաբթի երևանցիներին տրվում էր անվճար հանրային տրանսպորտում:
Արիանեն նաև հասարակական հիմունքներով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն է եղել:
2018-ին՝ Հայաստանի անկախության օրը, նա Թուրքիայի և Իրանի տարածքով դեպի Հայաստան հեծանվաարշավ էր նախաձեռնել: Նպատակը Հայաստանի գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական, ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար գումարներ հավաքագրելն էր։