«Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված բոլոր տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր և հետևանք են պարետի կողմից ցուցաբերած ինքնիրավչության»,-հայտարարում է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը՝ տեղեկացնելով, որ նախաձեռնություն է սկսել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկելու Պարետի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վարչական դատարանում։
Կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանի փոխանցմամբ՝ դրա արդյունքը պետք է լինի դրանց հիմքով կայացված բոլոր տուգանքների չեղարկումը։
Ձեռնարկված կոնկրետ քայլերի և դրանց արդյունքների մասին քաղաքական գործիչը խոստանում տեղեկացնել լրացուցիչ։
«Այս ապօրինության վերջը գալու է, բոլոր տուգանքները չեղարկվելու են, սա արդեն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները»,-ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ, թե ինչպես է ոստիկանը վարչական արձանագրություն կազմում այդ պահին ջուր խմելու պատճառով դիմակ չկրած քաղաքացու նկատմամբ։
Հիշեցնենք՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման հիմքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բոլոր բաց տարածքներում նախկին՝ դիմակի առկայության պահանջի փոխարեն՝ հունիսի 4-ից պարտադիր է նաև դրա կրումը, այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթը և բերանը: Դիմակի կրման կաննոնները խախտողները ենթարկվում են վարչական պատասխանատվության, սահմանված տուգանքը՝ 10 հազար դրամ է:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը