Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 166-ով՝ օգոստոսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 39 985 -ի, բուժվածներինը՝ 452-ով՝ դառնալով 32 008, արձանագրվել է մահվան 5 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 777-ի։
Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ըստ աղբյուրի՝ մինչ օրս կորոնավիրուսով հիվանդ 228 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 5 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ:
Նախորդ օրն իրականացվել է 1394 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 172 994-ի:
Նշենք՝ հայաստանյան իշխանությունների գնահատմամբ՝ արդեն արձանագրում ենք մահացության նվազող ցուցանիշ, միաժամանակ հորդորվում է դիմակ կրել, հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։