«Տավուշում կառուցվող պուրակն ու բնակելի տունը նոր Հայաստանը պետք է լինեն»․ Փաշինյանը՝ մարզին 278 մլն դրամ հատկացնելու որոշումն ընդունելիս - RadioVan.fm

Онлайн

«Տավուշում կառուցվող պուրակն ու բնակելի տունը նոր Հայաստանը պետք է լինեն»․ Փաշինյանը՝ մարզին 278 մլն դրամ հատկացնելու որոշումն ընդունելիս

2020-08-06 18:37 , Политика, 1046

«Տավուշում կառուցվող պուրակն ու բնակելի տունը նոր Հայաստանը պետք է լինեն»․ Փաշինյանը՝ մարզին 278 մլն դրամ հատկացնելու որոշումն ընդունելիս

Գործադիրն այսօրվա նիստում Տավուշի մարզպետարանին 278 մլն դրամ հատկացնելու մասին որոշում է կայացրել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ՝ որոշման նպատակն է աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հրետակոծությունից տուժած բնակիչներին՝ վնասված անշարժ գույքի փոխհատուցման, վերակառուցման համար:

«Նախնական գնահատականով՝ անհրաժեշտ է առնվազն 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը ՀՀ Կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն իսկ տրամադրել է, և կանխավճարի տեսքով արդեն հատկացվել է: Շինարարներն այս պահին աշխատում են: Գումարն ուղղվելու է վերականգնողական աշխատանքներին հետևյալ բաշխվածությամբ՝ 110 միլիոն 581 հազար դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84 միլիոն 357 հազար դրամը՝ Այգեպարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի և Չինարիի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը, 82 միլիոն 600 հազար դրամը կծախսվի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման նպատակով»,-ասել է նախարարը::

«Ինչպես մենք պարտավորվել ենք հուլիսյան դեպքերից հետո՝ պետք է աջակցենք սահմանապահ գյուղերին: Ընդ որում, որոշակի ազդակներ են ստացվում, որ աշխատանքները բավարար արագությամբ չեն ընթանում: Ըստ ամենայնի՝ մի քիչ մենք ենք դանդաղում, մի քիչ բնակիչներն են ուզում ավելի արագ տեսնել աշխատանքները: Այս ընթացքում նաև մի քանի քննարկումներ ենք ունեցել, որպեսզի այս հատկացվող գումարի ծախսումը դարձնենք առավել արդյունավետ: Ուզում եմ ընդգծել, որ Չինարի գյուղի ավերված բնակելի տունը մենք զրոյից կկառուցենք: Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակ կհիմնենք ավերված տներից մեկի տեղում. այդտեղ մարդ չի ապրում, մենք կգնենք այդ տարածքը սեփականատիրոջից և կնվիրենք գյուղին:

Մեր խնդիրը հետևյալն է՝ աշխատանքները պետք է արվեն հնարավորինս արագ և որակով, և շատ կարևոր է աշխատանքի բովանդակությունը: Մենք ոչ միայն ուղղակի առաջացած փոսը պետք է լցնենք, այլ փորձենք այս աշխատանքներով նոր բովանդակություն, նոր գույն, նոր երանգ հաղորդել սահմանապահ գյուղերին, ինչով մենք նաև որոշակի ռազմավարական մեր մոտեցումները կարտահայտենք և այդ գյուղերի վերածննդի հիմքը կդնենք»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով նաև հրետակոծությունից տուժած սահմանամերձ բնակավայրերում իրականացվող շինարարության մեջ նոր Հայաստանի փիլիսոփայությունը ներդնելու կարևորությունը:

«Պետական շինարարության և ոչ պետական շինարարության ընկալման տարբերությունը պետք է վերանա: Երբ ասում ենք տուն՝ չպետք է հասկանանք միայն չորս պատ, մեկ տանիք, երբ ասում ենք պուրակ՝ չպետք է հասկանանք միայն չորս նստարան և մեկ ցայտաղբյուր: Պետք է այս պետական շինարարության հետ շինարարական նոր մշակույթ, նոր գույն, փիլիսոփայություն մտնի այդ փոքր տարածքներում: Մեր արած գործի մեջ պետք է արտահայտվի այն, ինչ մենք խոսում ենք: Մենք խոսել ենք գյուղերում գույների բացակայության մասին, քաղաքաշինական խնդիրների, միջավայրի խնդիրների մասին և անթույլատերի է, որ այդ մասին խոսելուց հետո մեր կառուցածի վրա այն չարտահայտվի»,-նշել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս առաքելությունը շատ պատասխանատու է:

Վարչապետի խոսքով՝ Տավուշում կառուցվող պուրակն ու բնակելի տունը նոր Հայաստանը պետք է լինեն:

Лента

Рекомендуем посмотреть