Հաշվի առնելով hայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարված դրությունը և ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու անհրաժեշտությունը՝ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով 25 մլն դրամ կհատկացվի մարզպետարանին:
Որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանն, ընդհանուր առմամբ ,150 մլն դրամի վնաս է հասցրել Տավուշի մարզին:
«150 մլն դրամից 25 մլն դրամն առաջարկում ենք հատկացնել հրատապության կարգով: Ստեղծվել է գույքագրման և գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում։ Աշխատանքներին ներգրավելով տեղի շինարարական հնարավորությունները` ներառյալ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին»,- հայտնեց Պապիկյանը:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Այս փուլում մենք նախնական՝ ուղղակի արագ գումար ենք հատկացնում, որպեսզի աշխատանքները սկսեն հետագա ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար: Ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում մենք քննարկում ունեցանք: Այդ քննարկման բովանդակությունը շատ չմանրամասնելով ուղղակի արձանագրեմ, որ եկանք այն եզրակացության, որ սահմանապահ գյուղերում վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք: Ընդհանուր առմամբ կա կոնտեքստ, որ այդ գյուղերը միևնույնն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, և հետևաբար այնտեղ տեղի ունեցող վերականգման աշխատանքներն արվում էին մի փոքր այս տրամաբանությամբ: Մենք պետք է տրամաբանությունը փոխենք, և սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե և ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլև մենք պետք է ունենանք այդ գյուղերի, բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ ռազմավարություն»:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ այցելել են սահմանամերձ առավել վնասված գյուղեր՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի:
«Արդեն ընթացքի մեջ են 7 տան վերկանգնման աշխատանքները: Մաքրման աշխատանքներ են իրականացվում 10 տան ուղղությամբ: Կարծում ենք, որ առաջին հերթին պետք է վերականգնենք Չինարի գյուղում վնասված տունը. ընտանիքը բաղկացած է 10 հոգուց, որից 5-ը՝ երեխա: Տանտերն առաջարկել է նոր տունը կառուցել ոչ թե նախկինի տեղում, այլ տնամերձ հողամասի մեկ այլ՝ ավելի անվտանգ հատվածում, ինչի հետ մենք համաձայնել ենք: Մենք համայնքների ղեկավարներին առաջարկել ենք կատարել հողահատկացման աշխատանքներ, որտեղ պետք է նախագծենք ազգային ճարտարապետական ոճով նոր կերպարի թաղամասեր. դրանք նույնպես կհատկացնենք կարիքավորներին»,-ասաց Ղուլարյանը:
Կառավարության նիստից այս և այլ հարցերի վերաբերյալ քննարկումները՝ տեսանյութում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը