«Լիդիան»-ը կառավարությանը կոչ է անում վերականգնել օրենքը, բնապահպանները հայտարարում են՝ «ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈւ» - RadioVan.fm

Онлайн

«Լիդիան»-ը կառավարությանը կոչ է անում վերականգնել օրենքը, բնապահպանները հայտարարում են՝ «ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈւ»

2020-08-05 18:15 , Общество, 1425

«Լիդիան»-ը կառավարությանը կոչ է անում վերականգնել օրենքը, բնապահպանները հայտարարում են՝ «ԱՄՈՒԼՍԱՐԸ  ՍԱՐ  Է ՄՆԱԼՈւ»

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում խիստ մտահոգություն է հայտնում Ամուլսարում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Ընկերությունից նշում են, որ երեկ հեռացրել են արդեն երկու տարի ապօրինի տեղադրված վագոն-տնակները, իսկ «Լիդիանի» տարածք ապօրինի ներխուժած խմբավորումը ողջ օրը սադրիչ հայտարարություններով հրահրել է համայնքի բնակիչներին` սպառնալով «արյունահեղությամբ» ու կոչ անելով միանալ ապօրինությանը:

«Չնայած բոլոր ջանքերին, համայնքը հիմնականում անմասն մնաց ապօրինություն իրականացնող խմբավորման գործողություններից, և նրանց աջակցելու միացան մի քանի տասնյակ սադրիչ Երևանից: Հազարավոր մարդիկ այս համայնքներում արդեն երկու տարի սպասում են խնդրի օրինական կարգավորմանը: Զրկված օրինական աշխատանքից, հուսահատված մարդիկ ապրում են ապօրինություն իրականացնող խմբավորման մշտական սպառնալիքների ներքո` չստանալով իրենց իրավունքների օրինական պաշտպանություն պետությունից և իրավապահ մարմիններից:

Երեկ ևս համայնքի ավելի քան 5 հազար բնակիչ ուղիղ եթերում հետևում էր, թե ինչպես է մի քանի տասնյակ սադրիչ` այդ թվում տարբեր պատեհապաշտներ` Երևանից, համայնքի անունից բանակցում այս ապօրինության հանդեպ հետևողական հանդուրժողականություն դրսևորող ոստիկանության հետ:

«Լիդիան Արմենիան» պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը շարունակելու է լինել Հայաստանի այն բացառիկ ընկերություններից, որ որևէ պարագայում չի շեղվելու օրենքի տառից, որքան էլ դա դժվար լինի: Ընկերությունը չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ: Ընկերությունը շարունակելու է պայքարել իր օրինական իրավունքները վերականգնելու համար, ի հեճուկս բոլոր այն ուժերի, որոնք փորձում են ապօրինի գործողություններով տապալել երկրի խոշորագույն և օրինակելի ներդրումը:

«Լիդիան Արմենիան» հայտարարում է, որ չի դառնալու քաղաքական խաղաքարտ որևէ ուժի համար: Ողջ աշխարհը արդեն երկու տարի հետևում է այս աննախադեպ ապօրինությանը, որը խարան է թողել Հայաստանի հեղինակության վրա:

«Լիդիան Արմենիան» կառավարությանը և ոստիկանությանը կոչ է անում վերականգնել օրենքը և կանգնել օրենքի երկամյա ոտնահարումից տուժած հազարավոր քաղաքացիների իրավունքների կողքին»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ կարճատև դադարից հետո երեկվանից Ամուլսարի հանքի շահագործման հարցը կրկին օրակարգում է։Հանքի տարածքում լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայությունը երեկ լուսադեմին տարածքից հեռացրել է Ամուլսարի պահապանների վագոն-տնակը՝ տեղադրելով իրենցը։ Սա հարուցել է բնապահպանների, տեղի բնակիչների և խնդրով մտահոգված այլ քաղաքացիների զայրույթը։ Նրանք մոբիլիզացիայի կոչ էին արել՝ երեկ մինչ ուշ գիշեր հավաքվել հանքի հարակից տարածքում։ Բնապահպանների ընկերությունից պահանջում էին իրենց կացարանները հետ վերադարձնել, իսկ կառավարությունից՝ հստակ ասել, թե ինչ դիրքորոշում ունի հանքի շահագործման վերաբերյալ։

Ի դեպ, Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահապաններից բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է«Երեկ ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը «ապօրին» փակած «20» հոգու դեմ պետությունը հանել էր երկու-երեք մարզերի ողջ ոստիկանությունը և Երևանից բերված ոստիկանության զորքերի մոտ 150 զինվոր»։

Ակտիվիստների հնչեցրած ոչ մի պահանջ չի բավարարվել, նրանք այսօր ևս պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել հանքի հարակից տարածքում։

«Այսօր ժամը 17։00-ից սկսած մեր ընտանիքներով հավաքվում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում և այնտեղից մեզ միացած մարդկանց հետ 18։00-ին գնալու ենք ԱՄՈՒԼՍԱՐ առաջ քաշելու մեր պահանջները։ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ»,-նշել է Շիրակ Բունիաթյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть