«Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակը հանել է․ բնապահպանները կոչ են անում մոբիլիզացվել - RadioVan.fm

Онлайн

«Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակը հանել է․ բնապահպանները կոչ են անում մոբիլիզացվել

2020-08-04 13:52 , Общество, 1833

«Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակը հանել է․ բնապահպանները կոչ են անում մոբիլիզացվել

Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած, սակայն բնապահպանների կողմից ավելի քան 2 տարի հանքավայր տանող ճանապարհների շրջափակման հետևանքով տարածքում որևէ աշխատանք չիրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական նոր կազմակերպության անդամները գիշերը հանել են Ամուլսարի պահապանների տնակը՝ տեղադրելով իրենցը։

Այդ մասին տեղեկացնում է Ջերմուկի բնակիչ բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։

«Այս 2․5 տարվա պայքարի հանգուցալուծումը պետք է այսօր լինի։ Եթե պահնորդական ինչ-որ ծառայություն կարողանում է իր վրա գործառույթ վերցնել ու ոստիկանության փոխարեն մի գիշերվա մեջ ճանապարհները բացել, որն ըստ պայմանագրի՝ պետք է ընդամենը գույք պահպաներ, ուրեմն ժողովուրդն ավելի մեծ իրավունքներ ունի»,-ֆեյսբուքյան տեսանյութում շեշտում է Բունիաթյանը՝ խնդրով մտահոգ քաղաքացիներին կոչ անելով 3 անց կես հավաքվել համապատասխան վայրում ու շարժվել Ամուլսարի իրենց «պոստերը»։ Շեշտում է՝ ցանկացած սադրանք կամ բռնություն արժանանալու է կոշտ պատասխանի։

Հայկական բնապահպանական ճակատն էլ (ՀԲՃ), իր հերթին, ահազանգում է՝ մոբիլիզացիա է անհրաժեշտ:

Ընդգծում են՝ ներկայությունը կարող է բառի բուն իմաստով կյանքեր փրկել:

«Խաղաղ, ոչ բռնի պայքարի շնորհիվ այս խնդիրը վերջապես պետք է դրական հանգուցալուծում ստանա: Պետք է կանխել որևէ բռնության հնարավորություն։ Սա վճռորոշ պահ է: Նաև կոչ ենք անում Երևանում ՀՀ կառավարության, Շրջակա միջավայրի նախարարության, ԱԺ-ի շենքերի մոտ գնալ և պահանջել, որ ձեռքերը ծալած չնստեն: Պատգամավորներն այսօր պիտի լինեն այնտեղ և պաշտպանեն քաղաքացիների անվտանգությունը:

Լիդիանի ունեցած ՇՄԱԳ թույլտվությունը պետք է, վերջապես, ուժը կորցրած ճանաչվի առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հաստատված աղաղակող բազմաթիվ փաստերի հիման վրա:

Ամուլսարը սար է մնալու: Ոչ մի այլընտրանք չկա»,-ասված է ՀԲՃ-ի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть