«Բեյրութի փառքն անպայման կվերականգնվի»․ Հայաստանի հոգևոր և քաղաքական վերնախավը Լիբանանին ցավակցում և աջակցություն է հայտնում - RadioVan.fm

Онлайн

«Բեյրութի փառքն անպայման կվերականգնվի»․ Հայաստանի հոգևոր և քաղաքական վերնախավը Լիբանանին ցավակցում և աջակցություն է հայտնում

2020-08-05 16:06 , Политика, 1014

«Բեյրութի փառքն անպայման կվերականգնվի»․ Հայաստանի հոգևոր և քաղաքական վերնախավը Լիբանանին ցավակցում և աջակցություն է հայտնում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ: Նախարարը, նշելով, որ ցնցված է պայթյունի մասին սարսափելի լուրերից, գրել է.

«Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են: Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին»։ Արտգործնախարարը միաժամանակ հույսէ հայտնել, որ Բեյրութի փառքն անպայման կվերականգնվի:

«Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին»,-Լիբանանի նախագահ Միշել Աունին հղած ցավակցական հեռագիրում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթունի լուրից: Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ:

Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին»,-ասված է նախագահ Սարգսյանի հեռագրում:

70-ից ավելի մարդկային անմեղ զոհերի, բազմաթիվ վիրավորների և ավերածությունների պատճառ դարձած պայթյունի առնչությամբ Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունին իր խոր ցավն է արտահայտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Մեր մաղթանքն է, որ Լիբանանի աստվածասեր ժողովուրդը հաղթահարի առկա դժվարությունները և շարունակի իր խաղաղ ու ստեղծագործ կյանքի ընթացքը»,-նշել է Վեհափառ Հայրապետը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ դժվարին այս պահին բերելով իր զորակցությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությանը և Լիբանանի հայ համայնքին։

«Հայոց Հովվապետն իր ցավակցություններն է ուղղել Արամ Ա Կաթողիկոսին երեք հայորդիների մահվան առիթով, հետաքրքրվել պայթյունի հետևանքով Բեյրութի բնակչությանը, հայ համայնքին և կաթողիկոսարանին պատճառված վնասներով»,-ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ նավահանգստային գոտում, ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Պատճառը պահեստավորված 2750 տոննա ամոնիակի սելիտրան է եղել։ Պայթյունը խլել է ավելի քան 70 մարդու կյանք, 4 հազարից ավելին վիրավորվել են։ Ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ այս պահին տեղեկություններ կան պայթյունի հետևանքով 6 հայի մահվան և շուրջ 100-ի վնասված լինելու մասին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть