Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է, հայտնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (ՀՀ ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։
Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։
Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։
Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ նախօրեին՝ օգոստոսի 4-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ նավահանգստային գոտում, ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Պատճառը պահեստավորված 2750 տոննա ամոնիակի սելիտրան է եղել։ Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են։ Ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։