ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։
Հանդիպմանը ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանը ծանոթացել է ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ, լսել նրանց առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները:
Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահենք զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները:
Հանդիպմանը նաև ամփոփվել է հուլիսին սահմանային բախումների ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը, որը, հիշեցնենք, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գերազանց էր գնահատել՝ նշելով, որ հուլիսյան սահմանային բախումների օրերին օգտագործվել են հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մի փոքր մասը միայն։ Ռազմական փորձագետ, ՊՆ նախկին մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտարարել էր, որ հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության ԱԹՍ-ների մարտական կիրառության օր։