Այսօր՝ օգոստոսի 3-ին, հայաստանյան ժամանակով 19:30-ին, կմեկնարկի և մինչև օգոստոսի 28-ը կիրականացվի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագիրը։
««Քայլ դեպի տուն» ծրագրին, որն այս տարի իրականացվում է առցանց, կմասնակցեն 12-18 տարեկան մինչև 250 սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 30 երկրներից:
2 փուլով անցկացվելիք ծրագիրը ներառելու է․
-Հայոց լեզվի դասընթացներ,
-Պատմաճանաչողության դասընթացներ,
-Վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և Սփյուռքում),
-Ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ,
-Առցանց կրթական խաղեր,
-Հանդիպումներ պետական և հանրային գործիչների, մշակույթի, արվեստի ներկայացուցիչների հետ,
-Հանդիպումներ նախորդ տարվա մասնակիցների հետ,
-Աշխատարաններ,
-Համայնքային նախագծեր:
«Մասնակցելով ծրագրին՝ սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու, մայրենի լեզուն սովորելու և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով՝ ճանաչելու իրենց հայրենիքը»,-ընդգծում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ նշելով, որ Ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի հետ համատեղ, Ծրագրի գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը:
Բացմանը արարողությանը կարող եք հետևել հղմամբ՝ https://us02web.zoom.us/j/89959181593 կամ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի էջում՝ ուղիղ միացմամբ (https://www.facebook.com/DiasporaHighCommissionerO...):
Հիշեցնենք՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրն իրականացվում է 2018 թվականից, այն 2009-ից անցկացված «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի միավորումն է: «Քայլ դեպի տուն» ուսումնա-ճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար։