Սփյուռքի նախարարության անտարբերության պատճառով պոլսահայերը լքել են «Արի տուն»-ը - RadioVan.fm

Онлайн

Սփյուռքի նախարարության անտարբերության պատճառով պոլսահայերը լքել են «Արի տուն»-ը

2017-08-02 15:34 , Общество, 1413

Սփյուռքի նախարարության անտարբերության պատճառով պոլսահայերը լքել են «Արի տուն»-ը

Հայաստանում այս օրերին շարունակվում է Սփյուռքի նախարարության ամենամյա «Արի տուն» ամառային ծրագիրը, որը, ինչպես պարզվում է, այս տարի այդքան էլ հարթ չի ընթանում. ծրագրին մասնակցող Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հայաստանում խտրական վերաբերմունքի ու ազգային հողի վրա վիրավորանքների արժանանալու պատճառով՝ լքել են «Արի տուն»-ը՝ վերադառնալով Ստամբուլ:

Ստամբուլյան թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն Tert.am լրատվական կայքի հետ զրույցում հաստատել է տեղեկատվությունը՝ մանրամասնելով, որ Թուրքիայի թիմի երեխաներից մեկի և Ուկրաինայից ժամանած մասնակիցներից մեկի միջև ծագած վեճը, որին հետո միացել է նաև ուկրաինայի ներկայացուցչի ընտանիքը, ամբողջովին մանկական, անհարկի թեմաների շուրջ է եղել, որը հնարավոր կլիներ հարթել ճիշտ աշխատանքի շնորհիվ, ինչը, սակայն, կազմակերպիչների կողմից չի արվել: «Մեր խնդիրն ու հեռանալու պատճառը ոչ թե մեզ հետ վիճած մասնակիցներն են, այլ Սփյուռքի նախարարության, անտարբեր ու կողմնակալ մնալու փաստը», - Tert.am-ի հետ զրույցում ասել է Ստամբուլի թիմի ղեկավարը՝ ընդգծելով, որ երեխաների միջև անառողջ մթնոլորտի մասին ցանկացել է խոսել սփյուռքի նախարարի հետ, սակայն ի պատասխան ասվել է, որ նա տեղում չէ: Երեխաների ապահովության համար թիմի ղեկավարը ստիպված է եղել տանել նրանց Վանաձոր՝ Գուգարքի թեմի առաջնորդի մոտ: Կազմակերպիչների անտարբերության պայմաններում էլ Ստամբուլի 16 հոգանոց խումբն ընդհանուր հայտարարի գալով՝ որոշել է լքել նախագիծն ու վերադառնալ Ստամբուլ:

Ի դեպ՝ ծրագրի հերթական փուլի փակմանը թեև պոլսահայերը ներկա չեն գտնվել, այդուհանդերձ, առանց իրենց իմացության, Թուրքիայի թիմի պաստառով մարդ է կանգնել, որն այդ թիմից չի եղել: «Փորձել են դեպքը կոծկել: Ի՞նչ կարիք կա նման կեղծարարության: Ուզում եմ շեշտել, որ մեր միակ նպատակն է կանխել նմանատիպ դեպքերի հնարավոր կրկնությունն ապագայում»,- Tert.am-ի հետ զրույցում ընդգծել է Սաբունջուն:

Սփյուռքահայ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը, որը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացվում է սկսած 2009 թվականից, նպատակ ունի աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:

Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հյուրընկալվել բարեկամների տանը, իսկ նրանց բացակայության դեպքում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ընտրված ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: Ծրագրին մասնակցության համար խմբերի և անհատների հավաքագրումը և Հայաստան այցելության գործընթացն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել նաև անհատապես՝ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառույցին: Հայաստան այցելող երիտասարդ- ներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ, այցելություններ թանգարաններ, շրջայցեր՝ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կկազմակերպվեն նաև ուսուցողական ծրագրեր. հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ և այլն: Պտույտների ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով նրանց ուղեկցելու է բժիշկը և ոստիկանական անձնակազմը:

Лента

Рекомендуем посмотреть