«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի վարակաբանների հսկողությամբ 145 երեխա հաղթահարել է նոր կորոնավիրուսային հիվանդությունը (Covid-19): Նրանցից 59-ը՝ 0-2 ամսական երեխաներ են եղել։
Այդ մասին տեղեկանում ենք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պաշտոնական կայքից։
Ընդհանուր առմամբ, վերջին 6 ամսվա ընթացքում «Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոց դիմել է 18,186 երեխա, ամբուլատոր կարգով՝ 12242, ստացիոնար՝ 5944։ Համալսարանական մանկական հիվանդանոցի բուժանձնակազմը վերջին 180 օրում առողջացրել է սուր գաստրոէնտերիտ ունեցող 117, սուր աղիքային վարակ ունեցող 98, լեյշմանիոզ հիվանդություն ունեցով 16 երեխայի:
12 փոքրիկ առողջացել է անհայտ ծագման տենդից, բրուցելյոզ հիվանդությամբ 7 երեխա արդեն տանն է, արձանագրվել է մալարիայի 1 դեպք, 12 երեխայի մոտ ախտորոշվել և բուժվել է սալմոնելոզ, 22՝ ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, 11 երեխա առողջացել է կապույտ հազից։
Համալսարանական նորածնային սանավիացիան միայն վերջին 180 օրերին կատարել է 298 կանչ, որից 243՝ մարզերից, իսկ 55-ը՝ Երևանից։
«Կարողացել ենք 18.186 ընտանիք լցնել մանկական առողջ խինդ ու ծիծաղ՝ վերջին 180 օրերին»,-անդրադառնալով վիճակագրությանը՝ նշում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից:
Նշենք՝ Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 9330 մարդ: Մարտի 1-ից առ այսօր վարակը հաստատվել է 37 629 մարդու մոտ, որոնցից 27 357-ը ապաքինվել են, 719-ը՝ մահացել: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ 223 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը