Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 239-ով՝ հուլիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 37 629-ի, բուժվածներինը՝ 692-ով՝ դառնալով 27 357, արձանագրվել է մահվան ևս 8 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 719-ի:
Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Առ այսօր գրանցված նման դեպքերի թիվը 223 է։
Ինչ վերաբերվում է 8 մահվան ելքերին՝ նախարարությունից տեղեկացնում են․
«Պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9330 մարդ: Նախորդ օրն իրականացվել 1061 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 158 527-ի: