«Խնդրում եմ, չի կարելի կպնել էս հատակին»․ Կենտրոնի նախկին ղեկավարը՝ Սարյանի պուրակի քարե հատակի քանդման մասին - RadioVan.fm

Онлайн

«Խնդրում եմ, չի կարելի կպնել էս հատակին»․ Կենտրոնի նախկին ղեկավարը՝ Սարյանի պուրակի քարե հատակի քանդման մասին

2020-07-27 18:06 , Общество, 1290

«Խնդրում եմ, չի կարելի կպնել էս հատակին»․ Կենտրոնի նախկին ղեկավարը՝ Սարյանի պուրակի քարե հատակի քանդման մասին

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը դիմում է Երևանի ավագանու անդամներին և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին՝ Սարյանի պուրակի քարե հատակի քանդումը դադարեցնելու խնդրանքով։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրելով Սարյանիպուրակի հատակի քանդման ընթացքը՝ նախկին ղեկավարը ընդգծեց, որ 50-60 տարի առաջ կառուցված Սարյանի պուրակը այն պատմական ու եզակի այգիներից է, որի հատակը ամբողջովին բազալտ էև բավականին որակով ու լավ վիճակում է, որևէ չաքած, քանդված հատված չկա։

Վիկտոր Մնացականյանը միաժամանակ շեշտեց, որ դեռ մեկ տարի առաջ մշակած նախագծի համաձայն՝ նախատեսված էր հիմնականում փոխել նստարանները, լուծել լուսավորության, ոռոգման հարցերը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է: Նա նշել էր, որ, մասնավորապես, նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները։

Միաժամանակ նշվել էր, որ վերոնշյալ գաղափարը կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարանի ‹‹Ակտիվ քաղաքացի›› հարթակում ներկայացված ու հաղթած ծրագրերից մեկի շրջանակում։

Հիշեցնենք՝ Երևանը բարեփոխելու, մայրաքաղաքի կյանքը գրավիչ դարձնելուն քաղաքացիների մասնակցությունն ապահովելու ու նրանց առաջարկները կյանքի կոչելու նպատակով 2018-ի հուլիսի 8-ից գործարկվեց «Ակտիվ քաղաքացի» (activecitizen.am) էլեկտրոնային հարթակը։ Ավելի վաղ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, թե քաղաքային բյուջեն պատկանում է հենց բնակիչներին և քաղաքացիներին հնարավորություն կտրվի տնօրինելու այն։

Այս հարթակում հաղթած ծրագրերից մեկով էլ հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող անցումների կողքին երևանյան փողոցներում քաղաքացիները կհանդիպեն նաև հատուկ մանեկեններով կահավորված անցուղիների:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть