Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովման նպատակով հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների թիվը կավելանա։ 2019-ի 7 հետիոտնային անցման դիմաց 2020-ին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նման լուսացույցներով կկարգավորվի 37 հետիոտնային անցում:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ միաժամանակ նշելով, որ Երևանում, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, ճանապարհային երթևեկության կարգավորումը, մասնավորապես, լուսացույցների տեղադրումը, գծանշումները և այլն, կառավարության որոշմամբ 2009-ից պատվիրակվել է Ճանապարհային ոստիկանության ծառայությանը և, համայնքը փոխօգնության շրջանակներում, կամավոր որոշակի բյուջե է հատկացնում և ՃՈ-ի հետ համագործակցությամբ՝ նախաձեռնում է հետիոտնի համար վտանգավոր վայրերում կանչի ռեժիմով լուսացույցների տեղադրում։
Նշվում է՝ Երևանում չպետք է լինեն հետիոտնային այնպիսի անցումներ, որտեղ թույլատրելի արագությունը 60 կմ ժամ և ավելի է ու կարգավորված չէ:
«Քաղաքապետը հանձնարարեց ուսումնասիրել և գույքագրել երեք և ավել գոտի ունեցող ճանապարհներում հետիոտնային անցումները: Դրանց դիմաց արդեն իսկ նախաձեռնվել է սահմանված արագությունների նվազեցում` ոստիկանության հետ համատեղ: Նախկինում 70 կմ ժամ արագություն էր, որի արդյունքում թույլատրվում էր վարորդներին երթևեկել մինչև 80 կմ ժամ արագությամբ»,- Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանի խոսքերն են փոխանցում քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
Հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող անցումների կողքին երևանյան փողոցներում քաղաքացիները կհանդիպեն նաև հատուկ մանեկեններով կահավորված անցուղիների:
Գաղափարի հեղինակը քաղաքացի Բաղդասարյանն է, որի առաջարկը կյանքի կկոչվի Երևանի քաղաքապետի նախաձեռնած «Ակտիվ քաղաքացի» հարթակի շնորհիվ:
«Գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ Փարիզում էի: Ես մեքենայով գնում էի, և այնպիսի տպավորություն էր, որ կարծես երեխան վազելու է փողոց: Եվ այս «Ակտիվ քաղաքացի» նախաձեռնության առաջարկը, երբ եղավ քաղաքապետարանից, այդ միտքը փորձեցի օգտագործել և առաջարկեցի: Ուրախ եմ, որ ծրագիրն անցավ, կյանքի կկոչվի: Կարծում եմ, որ շուտով մեր փողոցներում արդեն դպրոցների հարևանությամբ կլինեն այդ մանեկենները»,- ասում է Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ Երևանը բարեփոխելու, մայրաքաղաքի կյանքը գրավիչ դարձնելուն քաղաքացիների մասնակցությունն ապահովելու ու նրանց առաջարկները կյանքի կոչելու նպատակով 2018-ի հուլիսի 8-ից գործարկվեց «Ակտիվ քաղաքացի» (activecitizen.am) էլեկտրոնային հարթակը։ Ավելի վաղ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, թե քաղաքային բյուջեն պատկանում է հենց բնակիչներին և քաղաքացիներին հնարավորություն կտրվի տնօրինելու այն։