Չինարիում գտել են հակառակորդի արձակած 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ. այն պայթեցվել է - RadioVan.fm

Онлайн

Չինարիում գտել են հակառակորդի արձակած 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ. այն պայթեցվել է

2020-07-24 22:54 , Общество, 1294

Չինարիում գտել են հակառակորդի արձակած 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ. այն պայթեցվել է

Տավուշի մարզում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերքներ հայտնաբերելու աշխատանքների ընթացքում, Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։

Կենտրոնից հայտնում են, որ աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Տավուշում են՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, Բերդ քաղաքը: Հրետակոծությունների հետևանքով՝ վնասվել են տներ, հացի արտադրամաս, գազատար, մանկապարտեզ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):

Տավուշին վերջին 10 օրերի ընթացքում հակառակորդի հասցրած վնասի չափը 150 մլն դրամ է հաշվարկվել։ Կառավարությունը հրատապության կարգով վերականգնման աշխատանքների համար առայժմ 25 մլն դրամ հատկացնելու մասին որոշում է կայացրել։

Տավուշի բնակավայրերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունների փաստերով շուրջ 13 քրեական գործ է հարուցվել։

Վերջին օրերին սահմանին հարաբերական անդորր է:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть