«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Տավուշում են՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։
Խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, Բերդ քաղաքը: Հրետակոծությունների հետևանքով՝ վնասվել են տներ, հացի արտադրամաս, գազատար, մանկապարտեզ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Տավուշին վերջին 10 օրերի ընթացքում հակառակորդի հասցրած վնասի չափը 150 մլն դրամ է հաշվարկվել։ Կառավարությունը հրատապության կարգով վերականգնման աշխատանքների համար առայժմ 25 մլն դրամ հատկացնելու մասին որոշում է կայացրել։
Տավուշի բնակավայրերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունների փաստերով շուրջ 13 քրեական գործ է հարուցվել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը