Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնը հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 203-ամյակին ընդառաջ հուլիսի 24-29-ը նախաձեռնել է օնլայն միջոցառումների շարք։ «Այվազովսկու օրեր» խորագիրը կրող ծրագրի շրջանակում Թեոդոսիայի Հ․ Այվազովսկու պատկերասրահի և Հայաստանի ազգային պատկերասրահի գործակցությամբ նախատեսվում է վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և ծանոթություն Այվազովսկու ժառանգների հետ։
«Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում՝ հայկական ընտանիքում։ Ծովանկարիչը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է, նրա արվեստը միավորում է բոլոր ազգերին։ 200 տարի անց էլ Այվազովսկու անունով անվանակոչվում են օդանավակայաններ, տեղադրվում հուշարձաններ։ Գեղանկարիչը թողել է համաշխարհային մեծ ժառանգություն»,- նշում է Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Հուլիսին Թեոդոսիայում գեղանկարչի պատկերասրահը մարդաշատ է լինում տեղացիներով և զբոսաշրջիկներով։ Հ․ Այվազովսկին Թեոդոսիայի խորհրդանիշն ու այցեքարտն է, քաղաքի բոլոր ցուցանակները տանում են դեպի ծովանկարչի տուն, որն այժմ պատկերասրահ-թանգարանի է վերածվել։
«ԴՈՄ ՄՈՍԿՎԻ»-ից նշում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի ստեղծել են ծովանկարչի կյանքին, կենսագրությանն ու թողած ժառանգության պատմությանն օնլայն ծանոթանալու հնարավորություն: Վիրտուալ էքսկուրսիան կվարի պատկերասրահի տնօրենը՝ Տատյանա Գայդուկը։
«Իհարկե, ոչինչ չի փոխարինի գեղանկարչության հետ անմիջական, կենդանի շփմանը, առավել ևս Այվազովսկու աշխատանքների դեպքում, սակայն սա ևս հիանալի առիթ է վայելել գեղանկարչի փառահեղ աշխատանքները»,-«ԴՈՄ ՄՈՍԿՎԻ»-ի փոխանցմամբ՝ նշել է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։
«Այվազովսկու օրեր» միջոցառումների շրջանակում, Այվազովսկու ժառանգները Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից տեսաուղերձներով շնորհավորել են իրենց նախապապի 203-ամյակը և պատմել հետաքրքիր պատմություններ։
«Այվազովսկին հետևում էր ռազմական նավերի շարժին և տախտակամածի վրայից նոթատետրում նշումներ անում, 20-րդ դարում նույն վայրերն էին այցելում նրա թոռները, հիմա նույն վայրեր ենք այցելում մենք՝ մեծ ծովանկարչի ժառանգները»,-պատմում է Իրինա Կասացկայան, Այվազովսկու երկրորդ դստեր ժառանգը։ Իրինա Կասացկայան ծովանկարիչ Ալեքսեյ Հանզենի ծոռն է։ Հանզենը Հովհաննես Այվազովսկու թոռն է, ով շարունակել է պապու գործը։
Այվազովսկու սիրելի թոռը Օլգա Արցեուլովայի հայրն էր, օդաչու-նորարար Կոնստանտինը։ Օ․Արցեուլովան պատմում է, որ միայն նրան էր թույլատրված գտնվել պապիկի աշխատասենյակում, երբ Այվազովսկին նկարում էր։
«Ծնվել և արդեն 80 տարի ապրում եմ Մոսկվայում, ցավոք Հայաստանում երբեք չեմ եղել, բայց տարիքի հետ ավելի շատ եմ զգում խորը գենետիկ կապը հզոր և տաղանդավոր հայ ազգի հետ, որի զավակն էր իմ համաշխարհային համբավ ունեցող նախապապը»,- պատմում է Օլգա Արցեուլովան, Այվազովսկու փոքր դստեր ժառանգը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային պատկերասրահում հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առիթով 2017-ի սեպտեմբերին բացվեց «Արարում» ցուցահանդեսը, որում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ծովանկարչի աշխարհի արարումը խորհրդանշող հռչակավոր «Քաոսը», որը մեծ դժվարություններով, այդուհանդերձ, հնարավոր եղավ Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուից բերել Հայաստան:
Հուլիսի 29-ին աշխարհահռչակ ծովանկարչի 203-ամյակն է։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը