«3 օր է հարցին լուծում չեն տալիս»․ բարձր միավորներ ստացած ու ԲՈւՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կառավարության շենքի առջև են - RadioVan.fm

Онлайн

«3 օր է հարցին լուծում չեն տալիս»․ բարձր միավորներ ստացած ու ԲՈւՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կառավարության շենքի առջև են  

2020-07-23 13:41 , Общество, 1207

«3 օր է հարցին լուծում չեն տալիս»․ բարձր միավորներ ստացած ու ԲՈւՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կառավարության շենքի առջև են

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ), Ազգային ժողովի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ), այսօր էլ՝ ՀՀ կառավարության շենքի առջև․ բարձր գնահատականներ ստացած, սակայն բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողներն արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներով իրենց դժգոհությունն են հայտնում ընդունելության քննությունների արդյունքներից, որոնք հենտևանք են քննությունների ամփոփման կարգում այս տարի ներմուծված փոփոխության։

Նշում են՝ իրենց պատշաճչեն իրազեկել այդ մասին։

Նշենք՝ նոր կարգի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատություն (ԲՈւՀ) ընդունվելու համար առաջնահերթությունն այս տարի տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր միավոր ստացողներին, այլ՝ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

«Նախարարն իր վերջին 20 րոպեանոց տեսանյութում, որում բացատրում է, թե ինչպես պետք է դիմորդը հայտը լրացնի՝ որևէ բան այդ մասին չի ասում, եթե էդպիսի կարևոր կետ կար՝ պետք է հատուկ ասվեր այդ մասին»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց Խաչիկ Թորոսյանը, ով քննություն է հանձնել Հայոց պատմություն առարկայից, դրականից բարձր միավոր է ստացել, սակայն նշած 4 հայտից որևէ մեկով որևէ ֆակուլտետ չի ընդունվել։

Բողոքող դիմորդների և նրանց ծնողների հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Ի դեպ՝ ընդունելության քննությունների «սկանդալին» անդրադարձել է կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ COVID-ի պատճառով ուսումնական նյարդային, լարված տարում՝ կարգում իրականացված, անգամ, տեսականորեն ամենաճիշտ փոփոխությունների պատեհ ժամանակահատվածը չէր։

«1. Ընդունելության քննությունները վերջին 10-12 տարիների ընթացքում հանրային ուշադրությունից դուրս էին՝ լուրջ սկանդալների բացակայության պատճառով։ Որոշ լրագրողներ ժամանակին անգամ բողոքում էին, որ այլեւս հետաքրքիր չէ դրանց լուսաբանումը։

2. Ընդունելության կարգում իրականացված փոփոխությունը ոլորտային քաղաքականության առումով, իհարկե, վիճելի է։ Ու սա առանձին քննարկման առարկա է։

3. Ուսումնական տարին COVID-ի պատճառով նյարդային, լարված եւ անսովոր ստացվեց։ Համաձայնեք, նման իրավիճակում կարգում իրականացված, անգամ տեսականորեն ամենաճիշտ փոփոխությունների պատեհ ժամանակահատվածը չէր։ Հատկապես՝ իրականացված սկզբունքային փոփոխությունների մասին իրազեկման արգելքների առումով։ Սա կառավարման ադեկվատության հարց է։

4. Այս տարիքի երեխաներին կոտրել չի կարելի։ Նրանք շատ ավելի զգայուն են ակադեմիական ու աղաղակող անարդարության, քան մասնագիտական ընտրության պրոբլեմների հանդեպ։

5. Պատկան մարմինները պարտավոր են եւ կարող են լուծել բարձր միավորներով դուրս մնացած հարյուրավոր դիմորդների խնդիրը։

Հաջողություն և կանաչ ճանապարհ մեր երիտասարդներին։ Սեփական սխալներն ու պատասխանատվությունն ընդունելու կարողություն՝ պաշտոնյաներին»,-ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է նախկին նախարարը։

Հիշեցնենք, որ այս տարի ԲՈւՀ ընդունվելու համար դիմորդներն ընդամենը 1 քննություն են հանձնել, արդյունքները հրապարակվել են ԳԹԿ-ի պաշտոնական կայքում՝ հուլիսի 18-ին, երեկոյան 20։00-ին։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть