Բարձրագույն ուսումնական հաստատություն (ԲՈւՀ) ընդունվելու համար դիմորդները ընդամենը 1 քննություն պետք է հանձնեն, թե ո՞ր մասնագիտությունից, ո՞րն է լինելու այդ միակ առարկան կհայտարարվի մինչև ապրիլի 30-ը:
Այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ընտրել ենք օպտիմալ տարբերակը, որ համ կարողանանք դիմորդների գիտելիքը չափենք, համ էլ, առավելագույնս, համավարակային միջոցառումներին չխոչընդոտենք: ԲՈւՀ ընդունվել ցանկացողներին մայիսի 25-ից հնարավորություն կտրվի քննությունների համար հայտագրվել մինչև հունիսի 15-ը: Դիմորդները միաժամանակ կընտրեն թե՛ քննական առարկան, թե՛ ԲՈւՀն ու մասնագիտությունը»,-նշել է նախարարը՝ մանրամասնելով, որ մինչև մարտի 15-ը մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները՝ փոխանցման միջոցով:
Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ քննական կենտրոնները ամբողջ հանրապետությունում են տեղաբաշխվելու՝ սահմանափակ դիմորդների առկայությամբ, կորոնավիրուսի դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներով:
«Ընտանիքներով, հարազատներով քննության գնալու ավանդույթին պետք է հրաժեշտ տան, որ կուտակումներ չլինեն, որ նպաստավոր պայմաններ չստեղծեն վարակի տարածման համար»,-շեշտել է նախարարը՝ տեղեկացնելով, որ քննությունները կկայանան հուլիսի սկզբին՝ առաջին տասնօրյակում:
Մանրամասները՝ տեսանյութում: