Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ օգնությունը կլինի վերահսկողության տակ. Փալոնի առաջարկն ընդունվել է - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ օգնությունը կլինի վերահսկողության տակ. Փալոնի առաջարկն ընդունվել է

2020-07-21 16:06 , Политика, 817

Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ օգնությունը կլինի վերահսկողության տակ. Փալոնի առաջարկն ընդունվել է

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Ներկայացուցիչների պալատը հաստատել է պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որի շրջանակում անցած տարիներին Ադրբեջանը ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել:

Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում ներկայացուցիչներ Փալոնին, Շերմանին, Սփեյերին և Շիֆին՝ վարչակազմից թափանցիկություն և պատասխանատվություն պահանջելու համար»,-նշել է Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով ավելի վաղ ընդգծել էր, որ այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն կտան դիմակայել և զսպել Ալիևի ագրեսիան։

Ամերիկայի Ձայն-ի փոխանցմամբ էլ՝ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջարկած փոփոխությունը նախատեսում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին՝ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետով ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների ռազմական զորամիավորումների մասին, որոնց նկատմամբ առկա է կասկած, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում: Զեկույցը կներառի նաև մարդու իրավունքների բարելավմանն ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն այս տեսակի խախտումների կանխմանը:

Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, հատկապես երբ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին:

«Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում»,- նշել է հայկական հանձնախմբի համանախագահն իր գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Ըստ նրա՝ այս փոփոխությունը հիմք է Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, ըստ կոնգրեսականի, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն:

Անդրադառնալով օրինագծի ընդունմանը՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա նշանակում է, որ այդ թվում Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ օգնությունը կլինի խիստ թափանցիկ և ուժեղացված վերահսկողության տակ, որպեսզի այն չօգտագործվի ռազմական նպատակներով Հայաստանի դեմ»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть