3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Չնայած պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ կամավորագրվելու անհրաժեշտություն չկա և ՀՀ զինված ուժերը պատվով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, այնուամենայնիվ, միևնույն ժամանակ արդեն զորացրված նախկին զինծառայողները, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում, և հատկապես այն զորամասերի, որոնց ուղղությամբ վերջին օրերին արձանագրվեցին ադրբեջական զինված ուժերի նախահարձակ գործողություններ, դիմում են զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)` հայտնելով պատրաստակամություն ու վճռականություն իրենց ծառայավայր հանդիսացող զորամասերում կանգնելու մեր զինծառայողների կողքին և պաշտպանելու երկրի սահմանը»,-մանրամասնում է ՊՆ խոսնակը:
Նշենք՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր։
Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց: Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ որում հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Բերդավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 4 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։ Խնձորուտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 2 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։ Պարույր Սևակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը