«Երեկ գիշեր կրկին համեմատաբար հանգիստ է անցել: Մոտ 137 կրակոց է եղել ՀՀ սահմանագոտու տարբեր հատվածներում: Մասնավորապես, Տավուշի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում եղել են կրակոցներ, հիմնականում՝ անկանոն, որոնց մեծ մասին, որպես կանոն, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել»,-Իջևանում այսօր կայացած ճեպազրույցում ասաց ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի համակարգող, ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարության մամլո նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ եղել են նաև այլ բանակային կորպուսների և մարզերի ուղղությամբ կրակոցներ, մասնավորապես, Ճամբարակի ուղղությամբ, օգտագործվել է ավտոմատ նռնականետ։
Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են դիպուկ կրակով, արդյունքում՝ լռեցրել։
Ինչ վերաբերվում է ադրբեջանական ադրբեջանական սադրանքի հետևանքով սահմանին վիրավորված մեր զինծառայողների առողջական վիճակին, ապա Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝այդ առումով փոփոխություն չկա, մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Արծրուն Հովհաննիսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի 11։00-ին կայացած ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը